Սպասենք ապաշխարանքի գալուստին

«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը իր գործընկեր, պատգամավոր Զարուհի Փոստանջյանին համեմատել է մայրուղում կանգնած կնոջ հետ։ Հայաստանում մեծացած ցանկացած մարդու համար, որը քիչ թե շատ ծանոթ է մեր լեզվական իրողություններին, նման արտահայտությանը վատ քողարկված սեռական հայհոյանք է։ Ես, ճիշտն ասած, այդպես էլ մինչև վերջ չեմ հասկացել, թե ինչ է նշանակում «նժդեհականություն», բայց հանրապետականներն ասում են, որ դա ազգային պահպանողականություն է։ Որքանո՞վ է այդ գաղափարախոսությանը համահունչ խորհրդարանական ամբիոնից կնոջը, չորս երեխաների մորը վիրավորելը։ Ինձ թվում է՝ ազգայնականությունը սկսվում է կնոջ, ազգը շարունակողի, ազգի գենոֆոնդը հարստացնողի նկատմամբ նրբանկատ, կասեի նույնիսկ՝ վեհանձն վերաբերմունքից։

… Ավելի ուշագրավ հայտարարություն է արել ՀՀԿ խմբակցության ղեկավարը երեկ՝ Աժ ճեպազրույցների ժամանակ։ Նա ասել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Զարուհի Փոստանջյանից, իր կյանքում ընդհանրապես ներողություն չի խնդրել, որովհետև այնպիսի մի կյանք է ապրել, որ ներողություն խնդրելու կարիք երբեք չի ունեցել։ Տեղեկացնեմ պարոն Սահակյանին, որ նման մարդ աշխարհի երեսին չկա, չի եղել և չի լինելու։ Այսինքն՝ նույնիսկ տեսականորեն չի կարող լինել մի մահկանացու, որը նման կյանք է ապրել։ … Պնդել, թե դու կյանքում ոչինչ չես արել, ինչի համար պիտի ներողություն խնդրես՝ սա առնվազն շատ հանդուգն միտք է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում