Բակո Սահակյանը ներկա է գտնվել Արցախի ՊԲ հրամանատարաշտաբային զորավարժությանը

Պաշտպանության բանակի 2013թ. պատրաստության պլանի համաձայն, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, մայիսի 20-24-ը անց է կացվել բազմաստիճան քառափուլ հրամանատարաշտաբային զորավարժություն, որին որպես ուսուցանվողներ մասնակցում էին հյուսիսային ուղղությամբ գործող միավորման ու ենթակա զորամասերի հրամանատարությունը: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից:

Զորքերի և հատկապես սպայակազմի ուսուցմանը նպաստող կարևոր այս միջոցառման ընթացքում պայմանականորեն խաղարկվել են միավորման բերումը «բարձր» աստիճանի մարտական պատրաստականության վիճակի, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում պաշտպանական մարտի կազմակերպումն ու վարումը և հարձակման նախապատրաստման գործողությունները:

Հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների ամփոփմանը ներկա էր նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատարը շնորհակալություն է հայտնել ներկա հրամկազմին հաջող անցկացված զորավարժության համար և հավաստիացրել, որ այսուհետ ևս ամեն ինչ արվելու է պաշտպանության բանակի մարտունակության ներկա վիճակի պահպանման և հետագայում այն ավելի բարձրացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում