Անկեղծ, մենք ցանկանում ենք կառավարությանը օգնել

Անկեղծ, մենք ցանկանում ենք կառավարությանը օգնել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այցելում է զորամասեր ու կիսաորսորդական «տարազով» խրոխտ կանգնում է գնդապետների ու ռազմական ճանապարհ անցած սպաների դիմաց, իրեն նկարել է տալիս ու դրա մասին հայտնում ԶԼՄ-ներին: Եթե Ավինյանի իրական նպատակը (իր չծառայած հալով) ոչ թե բանակում իր վերադասությունը զինվորականներին ցույց տալն է, այլ իրոք զորամասի անցուդարձին ծանոթանալը, ապա ինչո՞ւ է Ավինյանն այդ ծիծաղաշարժ, կամակոր երեխայի չարաճճիություն հիշեցնող նկարները հրապարակում և հանրության շրջանում արդարացի բողոք և հարցեր բարձրացնում իր անձի հետ կապված:

Ի դեպ, Ավինյանի բանակից ազատված լինելու մասին բազմաթիվ օդում կախված լուրեր կան, որոնք կարող են ամբողջանալ միայն այն պարագայում, երբ համապատասխան մարմնից հանրությունը կտեղեկանա, թե ի՞նչ հիանդության պատճառով է Ավինյանն ազատվել պարտադիր զինծառայությունից: «Հետք»-ում բավականին երկար հոդված կա տպագրված Կառավարության մեծամասնության` բանակից ազատված լինելու մասին և «Նոր Հայաստանում» հանրության համար չպետք է լինեն գաղտնիքներ «ժողովրդի իշխանության» ներկայացուցիչների կենսագրության վերաբերյալ, ուստի մենք հենց այսօրվանից սկսում ենք հարցումներ ուղարկել կառավարությանը fake կենսագրություն ունենալու մեջ կասկածվող գործիչների վերաբերյալ: Պարզ պատճառով սկսում ենք Տիգրան Ավինյանից և հերթով հասնելու ենք մյուսներին: Անկեղծ, մենք ցանկանում ենք կառավարությանը օգնել, որպեսզի նրանք կարողանան fact-chek անել և ամբողջությամբ ցրել մեր` քաղաքացիներիս կասկածները իրենց կողմից պետական պաշտոնյա նշանակված գործիչների նկատմամբ:

Հ.Գ. Խնդրեմ շատ կարևոր հետազոտման թեմա, որը բնականաբար «վրիպել» է մեր «անաչառների» աչքից: Հիմա խիստ տրամաբանական հարցեր են առաջանում. ինչից էր, որ ժամանակին օրինակ Դանիել Իոանիսյանին նման հարցերը խիստ հետաքրքիր էին, իսկ հիմա ո՞չ: Պատասխան. որովհետև ներկայումս նրանք այս իշխանության «գրպանային քաղհասարակությունն» են: Բայց մենք կլրացնենք այդ բացը…

Նարեկ ՍԱՄՍՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում