Ժան Կլոդ Մինյոնը որոնում է նոր ֆորմատ, որպեսզի պատվիրակությունների միջև ստեղծվի վստահության մթնոլորտ. Դավիթ Հարությունյան

Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հայտարարությունը, որ իր գործունեությունը դադարեցրած Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի փոխարեն փորձում են գտնել նոր ուղղություն, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի մեկնաբանությամբ՝ «նորություն չէ»:

«Ես բազմիցս ասել եմ, որ Ժան Կլոդ Մինյոնը որոնում է նոր ֆորմատ, որպեսզի պատվիրակությունների միջև ստեղծվի վստահության մթնոլորտ»,- Tert.am-ին ասաց Դավիթ Հարությունյանը՝ պարզաբանելով, որ նոր «ուղղությունը» ոչ թե կառույց է լինելու, այլ աշխատանք, աշխատանքի ձև:

«Համենայնդեպս, առ այս պահը արդեն եղել են մի քանի հանդիպումներ իմ և Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի միջև»,- ասաց Դավիթ Հարությունյանը և հավելեց, որ նախատեսվում է նաև երկու պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպում:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունվարից պաշտոնապես հայտարարվեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթակոմիտեն դադարեցրել է իր գործունեությունը:

Հիշեցնենք նաև, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծումը հայաստանյան պատվիրակության գնահատականներով դիտարկվում էր որպես թուրքական «պրոյեկտ», ինչը համառորեն հերքում էր հանձնաժողովի ստեղծման նախաձեռնության հեղինակ՝ ԵԽԽՎ նախկին նախագահ Մևլութ Չավուշօղլուն:

Նշենք, որ իր գոյության կարճ ամիսների ընթացքում հայաստանյան պատվիրակության անդամները բոյկոտում էին ենթահանձնաժողովի աշխատանքները, և մեր պատվիրակությունը թեթևացած շունչ քաշեց, երբ ԵԽԽՎ-ում փակվեց ենթահանձնաժողովի էջը:

Ավելորդ չէ նշել, որ այս հանձնաժողովի հետ կապված հայաստանյան պատվիրակության անդամների անվստահությունը կապված էր մտավախության հետ, որ փորձ կարվի ԼՂՀ հարցը քննարկել, ապա տեղափոխել ԵԽԽՎ մանդատի ներքո:

Ի պատասխան հարցի, թե նոր «ուղղության» հետ կապված սկզբունքային առարկություններ չունի՞, Դավիթ Հարությունյանն ասաց, որ ոչ:

«Մեր առարկությունները, որոնք կային, դեր խաղացին»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում