Ալեքսանդր Արզումանյան. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելության մեջ որեւէ արտառոց բան չեմ տեսնում

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելության, հայտարարության մեջ որեւէ արտառոց բան չեմ տեսնում: Ադրբեջանում ընտրություններ են եւ որեւէ առաջխաղացում, առաջընթաց առայժմ ես չեմ ակնկալում: Հերթական աշխատանքային այցն է եղել եւ բա էլ ինչ պետք է ասեին: Այս 20 տարի է՝ ասում են ակտիվացնեն, ստատուս-քվոն պետք է փոխվի»,- այս մասին այսօր Aravot.am-ի հետ զրույցում խոսելով համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի եւ նրանց հայտարարության մասին, այսպիսի կարծիք է հայտնել նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Վերջինս նշել է. «Ես գործընթացի կարգավորման գործընթացների որեւէ ակտիվացում չեմ սպասում: Որեւէ արտառոց արտահայտություն այս ընթացքում չի եղել: Ասվել են նույն այն բառակապակցությունները, որոնք մշտապես ասվում են, որ ավելի ակտիվացնեն եւ այլն: Եթե խոսքը Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարության մասին է, ապա այո, այդտեղ կային որոշակի նոր տարրեր»:

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց՝ «Միանշանակ է, որ ստատուս-քվոն անընդունելի է, ընդ որում’ բոլորի համար, նախեւառաջ’ Ադրբեջանի, Հայաստանի եւ նրանց համար, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, ես դրանում խորապես համոզված եմ:

Ստատուս-քվո նշանակում է’ ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի լուծված չլինելը, այլեւ Հայաստանի տնտեսական շրջափակումը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն էլ չկա որեւէ մեկին համոզելու այդ կարգավիճակի պահպանման անընդունելիության մասին»:

Ալեքսանդր Արզումանյանի դիտարկմամբ՝ «ՌԴ արտգործնախարարի հայտարարության մեջ նոր տարրեր կան, որոնք ոչ հարիր են մեր ռազմավարական գործընկերոջը: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, ապա դրանք ամբողջովին մտնում են վերջին տարիների հայտարարությունների տրամաբանության մեջ, որեւէ նոր տարր չի նկատվում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում