ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին ԼՂ հիմնախնդրի մասին հայտարարություն է ընդունվել

Մայիսի 27-ին Ղրղզստանի մայրաքաղաքում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքականության համադրման սերտացման և այդ բնագավառում մեխանիզմների կատարելագործման հարցերը։

ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են և հավանության արժանացրել արդի միջազգային հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարության նախագիծը, որով ևս մեկ անգամ պետությունները վերահաստատել են անդամ պետությունների մոտեցումները միջազգային և տարածաշրջանային օրակարգում առկա հարցերի նկատմամբ։ Հայտարարությունը անդրադառնում է նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Այս առումով մասնավորապես նշված է.

«ՀԱՊԿ անդամ երկրները վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ընդգծում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքների արագ ավարտման կարևորությունը’ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթների հիման վրա, որոնք, մասնավորապես, վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովուրդների ինքնորոշմանը»:

Այնուհետև Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին, որին քննարկվել են կազմակերպության անդամ երկրների անվտանգության սպառնալիքներին հակազդելու մեխանիզմների կատարելագործման հարցերը։

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, անվտանգության խորհրդների քարտուղարները ստորագրել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի պատրաստման և խաղաղապահ առաքելությունների իրականացման մասին որոշումը, 2013թ. երկրորդ կեսին և 2014թ. առաջին կեսին արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ՀԱՊԿ շրջանակներում խորհրդակցությունների ծրագիրը, համաձայնեցրել են կազմակերպության կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում