Ադրբեջանի նախագահի հայ թեկնածուն սպասում է Բաքվի պատասխանին

Ադրբեջանի նախագահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրված Ադրբեջանահայերի ասոցիացիայի նախագահ Գրիգորի Այվազյանն ակնկալում է ստանալ ձայների 60 տոկոսից ոչ պակաս և կմնա ընտրապայքարում նույնիսկ այն դեպքում, եթե մրցապայքարից հրաժարվեն այլ թեկնածուները:

Ինչպես հայտնում է Panorama.am-ը, այս մասին նա հայտնեց ասուլիսի ժամանակ’ հավելելով, որ այժմ սպասում է իր առաջադրվելու վերաբերյալ պաշտոնական Բաքվի հաստատական գնահատականին: Նրա խոսքով՝ այն, որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ ստացվել է առաջադրվելու մասին դրական արձագանք, դեռ բավարար չէ:

«Մենք հուսովենք, որ կլինի գրավոր պատասխան: Բայց ես ասում եմ՝ ճշմարտության և արդարության համար պատրաստ եմ հենց այսօր էլ մեկնել՝ հասկանալով, որ վտանգում եմ իմ կյանքը: Մենք ունենք հենակետեր Բաքվում, որոնք կարող են դառնալ մեր շտաբերը: Իսկ եթե նրանք մերժեն, ապա կրկին անգամ ցույց կտան իրենց հայատյացությունը, իրենց «մարդասիրական» հայտարարությունների սին լինելը», – ասաց նա’ նշելով, որ պատսրատ է Ադրբեջանում նույնիսկ քարոզարշավ իրականացնել:

«Մեզ համար միակ մրցակիցն Ալիևյան վարչակազմն է, ավելի ճիշտ՝ մենք ենք իրենց գլխավոր մրցակիցը», – ընդգծեց նա և շեշտեց, որ պայքարելու է մինչև հաղթական ավարտ:

Ինչպես հայտնում է Aysor.am-ը, «Անկախ նրանից’ Ադրբեջանը կգրանցի իմ թեկնածությունը, թե ոչ, մենք արդեն իսկ հաղթել ենք»,-  ասաց Գրիգորի Այվազյանը:

Այվազյանն անդրադարձավ նաև ադրբեջանական ԿԸՀ-ի մամուլի քարտուղարի այն հայտարարությանը, ըստ որի, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում Այվազյանը կկարողանա գրանցվել որպես նախագահի թեկնածու:

«Դեռ հարց է’ արդյոք Բաքուն հավատարիմ կմնա իր հայտարարությանը, իսկ եթե իմ գրանցումը մերժվի, ապա Ադրբեջանն այլևս ոչ մի, թեկուզ բարոյական իրավունք չի ունենա ասելու, որ ԼՂՀ-ում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում