Լյուդմիլա Սարգսյան. Եթե Գ. Սահակյանի վարքագիծը չքննարկվի, ապա մյուսների հարցն անիմաստ է դնել հանձնաժողովի օրակարգում

«Գազի գինը իրականում չի բարձրացել 67 %-ով, պարզապես իշխանությունները նման թիվ են հայտարարել, որ հետո այն իջեցնեն 18 %-ով, և ժողովուրդն ասի’ ինչ լավ է, գինը այսքան իջեցրին: Իսկ այն, որ «ՀայՌուսգազարդը» բարձրացնում է գազի գինը’ իր աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու համար, անընդունելի է: Իշխանությունը պետք է ազդեր ընկերության վրա»,-Aysor.am-ի փոխանցմամբ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Նրա խոսքով ‘ գազի գինը արտացոլում է հայ-ռուսական հարաբերությունները:

«Եթե ժողովուրդը չընդվզի գազի գնի բարձրացման դեմ, ուրեմն նա արժանի է այս իշխանություններին, իսկ նախաձեռնությունների ջանքերը որևէ արդյունքի չեն բերի, եթե մասսայական ընդվզում չլինի»,-ասել է նա:

Սարգսյանի խոսքով’ ինքը շարունակում է մնալ ՍԴՀԿ ատենապետը, իսկ դատարանի որոշումը անտրամաբանական է և կայացվել է հրահանգի միջոցով:

Մեկ այլ աղբյուր 1in.am-ը գրում է, որ ըստ Լ. Սարգսյանի’ իշխանությունները մեզ խաբել են: «Երբ ավագանու ընտրություններից առաջ նախագահին հարց տրվեց գազի գնի բարձրացման մասին, նա ասաց, որ դա հերյուրանք է, չարախոսություն: Հետագայում մենք իմացանք, որ ապրիլի 1-ին Ռուսաստանը Հայաստանի կառավարությանն է ներկայացրել այդ պայմանը: Ժողովրդից դա թաքցվել էր, որովհետև, եթե ժողովուրդն իմանար, Հանրապետական կուսակցությանը չէր տա այն ձայները, որ տրվեցին»,-ասել է նա:

«Մեղմացուցիչ հանգամանք կլիներ այն, որ Տիգրան Սարգսյանը՝ կառավարությամբ հանդերձ, հրաժարական տար: Նախ պետք է պարզել, թե որտեղից են հայթայթելու այդ գումարը. եթե պետք է մեծացնեն երկրի արտաքին պարտքը, ապա մեզ պետք չէ»,- նկատել է Լյուդմիլա Սարգսյանը:

Լյուդմիլա Սարգսյանn անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ համագործակցելու մասին առաջարկին նշել է.

«Ես կարծում եմ, որ դա պարզապես ձևական կոչ է՝ ցույց տալու համար, որ իրենք բաց են բոլորի համար, բոլորի հետ համագործակցելու համար: Բոլոր այն ամպագոռգոռ խոստումները, որ նախկին կառավարությունը տվեց և հիմա էլ վերանշանակվեց, ինձ հիմք են տալիս հասկանալու, որ այս կառավարության հետ հույսեր կապել պետք չէ»:

Մեկ այլ լրատվական’ Panarmenian.net-ը գրում է, որ Լյուդմիլա Սարգսյանն’ անդրադառնալով ԱԺ անցած քառօրյայի ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ուղղված Գալուստ Սահակայանի հայտարարությանը, թե «ԱԺ-ն մայրուղի չէ, որ երբ մեքենա կանգնեցնեն, չկանգնի, նեղանան», նշել է. «գոնե այս տարիքում, այն էլ երիտասարդ կնոջ նկատմամբ, նա պետք է իրեն կոռեկտ պահի: Զարուհի Փոստանջյանն ընտանիք ունի, չորս երեխաների մայր է և որևէ մեկն իրավունք չունի նրան վիրավորելու: Դա լուրջ էթիկայի խախտում է»:

«Գալուստ Սահակյանն ի լուր աշխարհի վիրավորել է կին պատգամավորին և եթե նրա վարքագիծը չքննարկվի, ապա մյուս պատգամավորների հարցն անիմաստ է դնել որևէ հանձնաժողովի օրակարգում»,-նշել է նա:

Անդրադառնալով Էթիկայի հանձնաժողովի գործունեությանը, Լյուդմիլա Սարգսյանը նկատել թ, որ, եթե այն չվերադառնա նախկին համամասնությանն, ապա կշարունակի անիմաստ համարել այդ հանձնաժողովի աշխատանքը:
Նա նշել է, որ ՀՅԴ պատգամավորները ևս այդ կարծիքին են և այս խմբակցությունն էլ է բոյկոտում նիստերը: Լյուդմիլա Սարգսյանը հույս հայտնեց, որ մյուս խմբակցությունները ևս կմիանան իրենց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում