Գյումրու բաց երկնքի տակ գտնվող հուշարձանների պահպանության համար ոչ մի աշխատանք չի արվել. Վ. Ղուկասյան
Նմանատիպ
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը Մխիթար Հայրապետյանից հետաքրքրվեց՝ ի վերջո երբ են մարզերին, մասնավորապես Շիրակի մարզին ուշադրություն դարձնելու:
«Գյումրու քաղաքապետարանից սնվում է 15 սպորտդպրոց, 7 երաժշտական դպրոց, 4 թանգարաններ և 1 տիկնիկային թատրոն, որն առաջինն է եղել հանրապետությունում: Պատկերացրեք՝ այդ չեղած բյուջեի, որը երեք մլրդ դրամ է, մոտ 30-40 տոկոսը գնում է այդ ոլորտների աշխատավարձերին: Ձեր կարծիքը սրա մասին, հանրապետության բյուջեից ավելի շատ գումարներ են տրվում տասնյակ անգամ շատ մայրաքաղաքին, քան մնացած քաղաքներին, ամբողջ ՀՀ քաղաքներն ու գյուղերը միասին այդքան գումար չեն ստանում, ոնց որ մայրաքաղաքը»,- ասաց նա:
Ղուկասյանը մտահոգություն հնչեցրեց նաև հուշարձանների պահպանության վերաբերյալ։
«Մենք 1700 հուշարձան ունենք բաց երկնքի տակ, բայց երկրաշարժից հետո ոչ մի աշխատանք չի արվել դրանց պահպանության համար: Այնտեղ կան զարդաքանդակներ, որ կովկասում, Թիֆլիսում և Բաքվում չկան, դրանք Անիի և Ղարսի մեր հին զարդանախշերն են, որոնք մինչև այսօր պահպանվել են մեր քաղաքում։ Տուրիզմի մասին էլ խոսք չկա, խայտառակություն է, Գյումրին դուրս է մնացել տուրիստական շարքից, երբ երկրորդ քաղաքն է ու այդքան հուշարձան ունի»,-ասաց նա:
Մխիթար Հայրապետյանն ասաց, որ միանշանակ կիսում է մտահոգությունը և իրենք էլ մարզերի համաչափ զարգացման քաղաքականությունն են վարում. «Մարզային զարգացման հստակ ծրագիր ենք առաջ քաշելու, որտեղ օրենսդրական դաշտով բյուջետային ֆինանսական մասում կարող ենք նախատեսել, որ Շիրակի մարզին ինչ-որ սահմանաչափով տոկոս կարող է հատկացվել։ Միանշանակ բարձիթողի վիճակում են եղել պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողները, և դա ուղղակիորեն կապ ունի տուրիզմի հետ և ճիշտ աշխատանքի դեպքում ճիշտ մատուցելով հուշարձանները՝ կարող են և տուրիստներ ապահովել: Տեսնում եմ մեծ հնարավորություններ տուրիզմի բնագավառում մշակույթի պատմամշակութային արժեքների զարգացման համար»։
Աղբյուր` Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում