ԿԲ-ն հետաձգում է «Գնաճի հաշվետվության» հրապարակումը

Մայիսի առաջին կեսին, եղանակային վատ պայմանների հետևանքով, հանրապետության մի շարք շրջաններում տեղի են ունեցել ցրտահարություններ և կարկտահարություն, ինչը կարող է բացասական ազդեցություն թողնել գյուղատնտեսության ճյուղի հետագա զարգացումների վրա: Մայիսի 14-ին «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի սակագների փոփոխության հայցով:

Այս երևույթներն իրենց ազդեցությունը կունենան կանխատեսվող հորիզոնում ակնկալվող մակրոտնտեսական միջավայրի և գնաճային զարգացումների վրա, ինչի պատճառով անհրաժեշտություն է առաջացել ճշգրտել դրամավարկային քաղաքականության առաջիկա ծրագրի հիմքում դրված կանխատեսումներն ու դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ այդ երևույթների հնարավոր հետևանքների և ազդեցությունների գնահատումներով: Այս մասին տեղեկացնում են ԿԲ-ի լրատվական ծառայությունից:

Հաշվի առնելով նշված հանգամանքը, «Գնաճի հաշվետվություն (2013 թ. երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիր, 2013 թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն)» պարբերականի հրապարակման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի առաջին տասնօրյակ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում