Կանայք առանց ենթատեքստի

Կարելի՞ է անել այնպես, որ ամառը գա ձմռան կեսին, ու լույս լինի ոչ միայն առավոտյան ու ցերեկը, այլև կեսգիշերն անց: Պարզվում է՝ այո: Պետք է ուղղակի մտնել նկարիչ Արմեն Պրոյանի արվեստանոցը: Նրա բարի ու լուսավոր կերպարների միջավայրում միանգամից մի տաք, հաճելի ու ուրախ զգացողություն է առաջանում՝ անկախ եղանակից, տարվա ժամանակից, օրից և ձմեռային երկարաձիգ դեպրեսիայից:

Ձեղ ենք ներկայացնում Imyerevan-ի հարցազրույցը Արմեն Պրոյանի հետ.

Արմե՛ն, դուք երկար տարիներ ապրել եք Հունաստանում, հետո վերադարձել հայրենիք: Կարո՞տն էր, որ հանգիստ չէր տալիս:

– Միշտ ուզեցել եմ հարազատ քաղաքում ապրել:

Այդ դեպքում ինչո՞ւ էիք գնում:

– Ուղղակի շատ էի ուզում մի բան փոխել կյանքումս. ամեն ինչ ինքնուրույն սկսել, առանց ինչ-որ մեկի օգնության, անծանոթ միջավայրում:

Ինքներդ ձեր գլխին դժվարություններ բերեցիք ու հետո սկսեցիք դրանք հերոսաբար հաղթահարե՞լ:

– Սկզբում, իրոք, դժվար էր: Ապրում էի 3×3-ի վրա մի սենյակում, ու նկարներս, բնականաբար, չէին կարող մեկ մետրից մեծ լինել. այդքան էր պատշգամբի լայնությունը, որտեղ աշխատում էի: Նկարում էի երեկոյան. ցերեկները ապրուստ էի վաստակում՝ աշխատելով որպես ներկարարի օգնական: Ներկարարն էլ երբեմն ասում էր, որ չեմ կարողանում վրձին բռնել: Բայց ժամանակի ընթացքում այնուամենայնիվ կարողացա կապեր հաստատել գալերիստների հետ: Սկսեցի խմբակային ցուցահանդեսների մասնակցել, կազմակերպեցի մի քանի անհատական ցուցահանդես: Իմ մասին նույնիսկ հայտնի թերթերում ու ամսագրերում էին գրում:

Այդ ցուցահանդեսներից ո՞րն էր ձեզ համար ամենից նշանակալին:

– Ըստ իս, ամենավառն ու հետաքրքիրը Աթենքի քաղաքապետարանի կազմակերպած «Մշակույթների խաչմերուկ»-ն էր: Մասնակիցները Հունաստանում աշխատող 4 արտասահմանցի նկարիչներ էին՝ 2 բուլղար, մի ռուս և ես: Շատ հաճելի էր հայտնվել ժամանակակից հայտնի նկարիչների միջավայրում:

Բայց նրանք այդպես էլ չընդունեցի՞ն ձեզ:

– Չէ, ընդունեցին: Ես Հունաստանում շատ ընկերներ ունեմ, ընդ որում՝ ազգությամբ հույներ՝ ավելի, քան հայեր. արտակարգ մարդիկ են, որոնց նմանությունը հայերին հաճախ է զարմացնում ինձ: Նրանք էլ մեզ պես հյուրընկալ են, շփվող, բարի ու չեն սիրում օրենքին ենթարկվել: Հույների դռները հյուրերի համար միշտ բաց են, նրանք սիրում են ճոխ սեղաններ գցել, միշտ կարող ես նրանցից օգնություն խնդրել. մեկը ջուր կտա, մյուսը՝ դեղեր, մեկ ուրիշն էլ մեքենայով տուն կհասցնի: Պատկերացրեք՝ ինչքա՛ն զարմացա, երբ իմացա, որ տանս կողքի փոքր կրպակի աշխատողը վաճառասեղանի տակ մի հաստ տետր էր պահում, որտեղ պարտքով ապրանք վերցրածների անուններն էր գրանցում: Ինձ էլ թվում էր՝ նման բան միայն Երևանում է հնարավոր: Բայց ինչքան էլ որ տաք լիներ հունական արևը, ինչքան էլ այդ վայրերը հարազատ թվային, մեկ է՝ սիրտս տուն էր ուզում: Այդ 14 տարիների ընթացքում ես նույնիսկ կահույք չեմ գնել:

Սա արդեն լո՛ւրջ է: Եթե հայը տունը չի կահավորում, ուրեմն այնտեղ ժամանակավոր է ապրում, նույնիսկ եթե այդ ժամանակը տևի մի քանի տասնյակ տարի:

– Թեկուզ՝ մի ամբողջ հավերժություն: Մեքենա առա, համակարգիչ էլ, բայց կահույք՝ ոչ:

Ձեր նկարների հերոսները մի քիչ տարօրինակ են, բայց միանշանակ՝ լուսավոր, դրական, բարի:Ունե՞ն նախատիպեր:

– Ոմանք ունեն: Օրինակ, վերջին շրջանի ստեղծագործություններում հայտնված Մուսան: Նկարների աղջիկը դուստրս է: Մնացած բոլորը երևակայության պտուղ են, և կարծում եմ՝ դա նկատելի է: Աթենքում առաջին թանգարանը, որի հետ սկսեցի համագործակցել, «Խրիստինա Կարելլա»-ն էր: Տիրոջ հետ առաջին հանդիպմանը ցույց տվեցի նկարներս ու միայն այդ պահին նկատեցի, որ կենսագրությունս հետս չէի վերցրել: Սկսեցի ներողություն խնդրել՝ խոստանալով այն հաջորդ օրը բերել: Բայց Խրիստինան ասաց, որ դրա կարիքը չկա: «Ձեր կտավներից միանգամից զգացվում է, որ գեղարվեստի ակադեմիա եք ավարտել: Իսկ կերպաներից կարող եմ նույնիսկ կռահել, թե քանի գիրք եք կարդացել»: Եվ սա այն դեպքում, որ չեմ սիրում խելոք ձևանալ ու չեմ ուզում, որ ինչ-որ մեկը նկարներիս նայելիս, սկսի ինքն իրեն հարցնել՝ սա ի՞նչ է նշանակում:

Այդ հարգարժան առաքելությունը արվեստաբանների՞ն եք թողնում:

– Տարբեր արվեստաբաններ գործերս տարբեր ուղղություններին են դասել: Ինձ համար դա միևնույնն է: Երբեք դրան լուրջ չեմ վերաբերվել: Նկարիչը միայն ինքը կարող է պատմել իր ստեղծագործությունների մասին, եթե իհարկե, կամենա: Անձամբ ես այդքան էլ չեմ սիրում դա անել, որովհետև միևնույնն է, նկարներս խոսքերիցս ավելի շատ են ասելու: Այնպես որ, խոսելու բան էլ չկա:

Ձեր կերպարները հիմնականում կանայք են…

– Միա՛յն կանայք են: Սա զարմանալի չէ: Այ եթե նկարեի միայն տղամարդկանց, դա արդեն անհանգստության տեղիք կտար: Իսկ եթե լուրջ ՝ կանացի կերպարների միջոցով ավելի հեշտ է էմոցիաներ փոխանցել, քանի որ նրանք իրենց զգացմունքներն առավել բաց են արտահայտում: Նրանց համար ավելի հեշտ է լաց լինել և ծիծաղել: Կարճ ասած՝ նրանք առանց ենթատեքստի են:

Ձեր նկարները կրում են Ponchi ստորագրությունը: Արվեստի աշխարհում ավելի հայտնի եք այդ մականունով: Այն երևի իր պատմությո՞ւնն ունի:

– Այո, սովորական, երևանյան: Առավել քան վստահ եմ, որ աշխարհի ոչ մի քաղաքում թխահեր մարդուն չեն ասի «կյաժ», երկումետրանոց մեկին՝ «ճուտ», նկարչին էլ՝«պոնչիկ», «պոնչ»: Դա մեր երևանյան «կայֆն» է:

Կարելի է՞ Ձեր ստեղծագործական գործունեությունը բաժանել հունական և հայկական ժամանակաշրջանի:

– Ինձ համար տարբերություն չկա, թե որտեղ կնկարեմ՝ Մոսկվայում, Երևանում, Աթենքում, թե Դիլիջանում: Ստեղծագործող մարդը սահման չի ճանաչում. նրա աշխատանքը կախված չէ աշխարհագրական կոորդինատներից: Բայց կա մի պահ, որ կարևոր է յուրաքանչյուր, նույնիսկ ցանկացած պայմանականությունից վեր ապրող արվեստի մարդու համար՝ տան, սեփական պատերի, քեզ սնուցած, ձևավորած միջավայրի զգացողությունը: Ինձ համար դա Երևանն է ու «երևանցու» գաղափարը: Դա հոգեվիճակ է, թե կուզեք՝ ցմահ ախտորոշում:

Ցմահ բանտարկման պես է հնչում…

– Համաձայն եմ այդպիսի դատավճռի հետ, եթե հարցը Երևանին է վերաբերում: Երբ ազգությունս են հարցնում, ասում եմ՝ հայ… ու ավելացնում եմ՝ «երևանցի»:

Մի շարք հին երևանցիներ այսօր բողոքում են, որ քաղաքն այլևս այն չէ, որ կորցրել է այն ժամանակի հմայքը…

– Երևի ինչ-որ ճշտի բաժին կա այստեղ: Բայց այդքան էլ այդպես չէ: Նրանք ուղղակի տխրում են անցած օրերի համար: Հասկանում եմ: Մեկ-մեկ ինքս եմ վշտանում, երբ հին, ծանոթ տեղերով անցնելիս, հանկարծ չեմ գտնում այն կրպակը, որտեղ մի ժամանակ վաճառասեղանի տակից ֆիրմային սիգարետներ էի առնում: Շատ բան կտայի, որ վերադարձնեի իմ Երևանը, հայտնվեի ընկերներիս հետ «թեյմուրնոց»-ում, որի հիմնական արժանիքները հակասանիտարական վիճակն ու տապակած կարտոֆիլն էր՝ սարդելկաներով: Քաղաքին վերադարձնեին «քուչի պատիվ» գաղափարը. երբ, օրինակ, ծնողներից թաքուն երեխաներով գնում էինք հարևան բակը՝ պարզելու, թե ով էր համարձակվել մեր բակի աղջկան վիրավորել:

Կուզենայի նաև հետ բերել այն զգացողությունը, որով բոլորս գալիս էինք «Մոսկվա» կինոթատրոն, որ հասցնեինք էժան՝ 25 կոպեկանոց տոմսեր առնել ցերեկային սեանսի համար և Ֆելինիի հերթական գլուխգործոցը դիտենք: Կամ էլ մի անգամ էլ վարպետիս մոտ մտնեի ու էժան գինու շիշը դատարկելով՝ կյանքից խոսեինք, վայելեի երևանյան բակերի երեկոյան լռությունը, շաբաթ-կիրակի օրերին հորս հետ միասին գնայինք կենտրոնական շուկա, որպեսզի գնումներ կատարելուց բացի հիանայի այնտեղի գույների բազմազանությամբ:

Կամ էլ գիշերվա 12-ին ընկերոջս տուն բորշչ ուտելու գնայի, քանի որ կեսգիշերին էր հասցրել եփել, ու ինձ էլ միանգամից կանչել էին…Բայց Երևանն այսքանով չի ավարտվում՝ կյանքը շարունակվում է: Նոր Երևանը հնից վատը չէ: Ուղղակի այն արդեն ուրիշ սերնդի քաղաք է:  

Հետևեք մեզ նաև Telegram-ում