Հայաստանի և Գերմանիայի միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն

Հայաստանի և Գերմանիայի միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Շարունակվում է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: ԳԴՀ կանցլերի և Բունդեսթագի նախագահի հետ հանդիպումներից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԳԴՀ նախագահական նստավայրում` Բելվյու ամրոցում, ընդունել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շթայնմայերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ֆրանկ Վալտեր-Շթայնմայերը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա, որը Հայաստանի և Գերմանիայի միջև թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցության խորացման հեռանկարները քննարկելու լավ առիթ է: Նախագահ Շթայնմայերն ընդգծել է` երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որը պետք է շարունակաբար ամրապնդել և օգտագործել այլ ուղղություններով ևս համագործակցությունը զարգացնելու համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար Գերմանիան կարևոր գործընկեր է, և ՀՀ կառավարությունը պատրաստ է շարունակել ակտիվ միջպետական երկխոսությունը:

Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական գործընկերության ընդլայնմանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և այդ համատեքստում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, տարածաշրջանային ու միջազգային օրակարգին վերաբերող հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում