Ժամանակ շահելու համար կփոխվի կառավարությունը, վարչապետին «մատաղ կանեն»
Նմանատիպ
ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի գնահատմամբ, ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ ճնշումները մեծացել են եւ ստատուս- քվոյի մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի խոսակցությունները պատահական չեն:
«Բոլոր պարերը պարեցին, մնաց սարի սմբուլը: Հիմա ասում են՝ տղաներ, ընտրություններ էլ չկան, էն ձեր խոստացածը տվեք… ԵՄ-ում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում հայտնվել ենք խամաճիկի վիճակում, կորցրել ենք մեր դիրքերը եւ մեզ շան տեղ էլ չեն դնում»,-Aravot.am-ի փոխանցմամբ’ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Աշնանը, նրա կարծիքով, կլինի Ղարաբաղի կարգավիճակով հանրաքվե. «Եվ որպեսզի ժամանակ շահեն, կփոխվի կառավարությունը, վարչապետին մատաղ կանեն»: Մեկ այլ հանրաքվե աշնան կողմերը նա կանխատեսել է խորհրդարանական համակարգի անցնելու հարցով:
Պարոն Եղիազարյանը նաեւ դժգոհել է, որ ունենք հայաթափվող Հայաստան եւ վիրտուալ կառավարություն.
«Օր օրի վրա աղքատների բանակն ավելացնող հայրենակիցներ: Միգուցե առաջին տասնյակի մեջ ենք, երբ հետեւողականորեն կրկնվում են կառավարության նույն անդամները, որոնք առաջին հինգ տարիներին երկրի տնտեսության հերն անիծել են: Աղքատությունն ընդունեցին տասներկու տոկոսով, այսօր հասցրել են երեսունհինգ տոկոսի»:
Ինչ վերաբերվում է բանակին, ապա բանախոսը դրական կարծիք է հայտնել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ եւ ասել՝ որպես նախարար «վատագույն տարբերակը» չէ.
«Բայց արի ու տես, որ բանակը դարձել է սպանդանոց: Լավ, էս անգամ կանգնեցրինք Երեւան եկող սպանված զինվորի ծնողներին , հասկանո՞ւմ եք, որ սենց եթե շարունակվի, կգան գլուխներդ կջարդեն, դեմը չեք կարող առնել»,- ասել է նա:
Մեկ այլ աղբյուր’ Panorama.am-ի փոխանցմամբ` Եղիազարյանը ստեղծված իրավիճակից, միակ լուծում առաջարկել է իշխանափոխությանը:
«Ընդամենը մեկ խնդիր ունենք լուծելու’ ունենալ մարդավարի ընտրություններ, ոչ եվրոպական, պրեսկոտյան ստանդարտներով: Ընտրենք ազգովի նախագահ, ով պատասխան կտա ցանկացած զոհված երեխայի կյանքի համար, ով կհասկանա, որ իր մնալը կախված է ժողովրդից», -ասել է նա:
Բանախոսն առաջարկել է, որ բոլոր ընդդիմադիր ուժերը համախմբվեն մեկ բռունցքի ներքո ու մեկ անգամ Հայաստանում անցկացնեն օրինական ընտրություններ: Ի դեպ, նա ընդգծել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ի սկզբանե չի համարել ընդդիմություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում