Թեհրանում կայացել է Արա Գյուլերին նվիրված վավերագրական ֆիլմի պրեմիերան

Թեհրանում կայացել է Արա Գյուլերին նվիրված վավերագրական ֆիլմի պրեմիերան

Թեհրանում տեղի է ունեցել լուսահոգի ֆոտոլրագրող Արա Գյուլերի (Արա Գյուլերյան) հիշատակին նվիրված ֆոտոլրագրող Ջոշքուն Արալի պատրաստած «Աշխարհն այսպիսին է» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Այս մաին գրում է «Էրմենիհաբերը»։

Իրանցի արվեստասերների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացել Արա Գյուլերին նվիրված ֆիլմի ցուցադրությունը և «Կորուսյալ պատմության հուշեր» խորագրով ցուցահանդեսը: Վավերագրական ֆիլմի անվանումը վերցված է 1986թ. Գյուլերի և Արալի կազմակերպած համանուն ցուցահանդեսից:

Վավերագրական ֆիլմում Արա Գյուլերը սկսում է պատմել իր մանկության, ընտանիքի, ինչպես նաև իր կարիերայի բեկումնային պահերի մասին: Ֆիլմում ներկայացված է արվեստի, գիտության և մշակույթի բնագավառներում համաշխարհային ճանաչում ունեցող անձանց հետ Գյուլերի բարեկամության մասին և նրանց կյանքից վերցված որոշ դրվագներ:

Ջոշքուն Արալի փոխանցմամբ` ֆիլմը կցուցադրվի ոչ միայն Իրանում, այլև ցանկության դեպքում նաև Թուրքիայում և այլ երկրներում:

Արա Գյուլերը ծնվել է 1928թ. օգոստոսի 16-ին Ստամբուլի Բեյoղլու շրջանում բնակվող հայկական ընտանիքում: Արա Գյուլերին կոչում էին «Ստամբուլի աչք», «լավագույն ֆոտոպատմաբան»մականուններով: «Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրան Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր եւ ազգային հավաքածուներում:

Արա Գյուլերը մահացել է 2018 թ. հոկտեմբերի 17-ին։

Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում