Դեսպան Միքայել Մինասյանը հանդիպումներ է ունեցել Սուրբ Աթոռում

Մայիսի 23-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը հանդիպեց Մշակույթի հարցերով քահանայապետական խորհրդի նախագահ (մշակույթի նախարար) կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի hետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Կարդինալ Ռավազին, անդրադառնալով հայերի եւ Սուրբ Աթոռի դարավոր պատմամշակութային կապերին, բարձր գնահատեց Սուրբ Աթոռում դեսպանություն բացելու եւ ռեզիդենտ դեսպան նշանակելու Հայաստանի իշխանությունների որոշումը:

Դեսպան Մինասյանը նշեց, որ մշակույթի ոլորտում Սուրբ Աթոռում ՀՀ նորաստեղծ դեսպանության գործունեությունը ուղղված է լինելու երկկողմ հարուստ մշակութային կապերի առավել զարգացմանը, ինչպես նաեւ համաշխարհային մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս կազմող, հայկական քրիստոնեական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը:

Նույն օրը կայացավ նաեւ Միքայել Մինասյանի եւ Արեւելյան Եկեղեցիների Միաբանության նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիի հանդիպումը:

Ջերմորեն ողջունելով ՀՀ դեսպանին՝ կարդինալ Սանդրին ընդգծեց, որ Սուրբ Աթոռում դեսպանության բացումը եւ ռեզիդենտ դեսպանի նշանակումը նշանակալի քայլ է երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Նա շեշտեց, որ Սուրբ Աթոռում բարձր են գնահատել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության մասնակցությունը Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ի գահակալության արարողությանը:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ Մխիթարյան միաբանությանը, Հայաստանում բնակվող կաթոլիկներին, Իտալիայում բնակվող Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներին առնչվող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում