ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Տարածման անվտանգության նախաձեռնության հանդիպմանը

Մայիսի 27-29-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը մասնակցեց եւ ելույթ ունեցավ Վարշավայում տեղի ունեցած Տարածման անվտանգության նախաձեռնության (Proliferation Security Initiative) Բարձր մակարդակի քաղաքական հանդիպմանը’ նվիրված նախաձեռնության տասնամյակին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպումը կազմակերպվեց Լեհաստանի ԱԳ նախարարության կողմից’ ոլորտը համակարգող ԱԳ փոխնախարարների եւ պաշտպանության փոխնախարարների մակարդակով:

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես հանդես է գալիս հօգուտ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման եւ ապօրինի փոխադրումների կանխարգելումն ապահովող առավել արդյունավետ եւ համակարգված ընթացակարգերի եւ գործիքների կիրառման: Ներկայացվեցին ԶՈԶ չտարածման եւ երկակի նշանակություն ունեցող բեռների ապօրինի փոխադրումը եւ տարանցումը կանխարգելող ՀՀ օրենսդրական փոփոխությունները, ՄԱԿ ԱԽ 1540 բանաձեւի կատարման ընթացքը, տարբեր երկրների հետ այս բնագավառում համագործակցությունը:

Հանդիպման ավարտին որոշվեց ավելի արդյունավետ դարձնել նախաձեռնության շրջանակներում տեղեկատվության փոխանակումը եւ մասնակից երկրների միջեւ համագործակցությունը: Հաջորդ Բարձր մակարդակի քաղաքական հանդիպումն անցկացվելու է 2015թ. Վաշինգտոնում:

Նշենք, որ ԶՈԶ տարածման դեմ պայքարի անվտանգության նախաձեռնության ստեղծման մասին պաշտոնապես հայտարարվել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից 2003թ. մայիսի 31-ին Կրակովում (Լեհաստան) կայացած հանդիպման ժամանակ: Տարածման անվտանգության նախաձեռնությունը համաշխարհային նախաձեռնություն է, որի գլխավոր նպատակը’ զանգվածային ոչնչացման զենքի, դրա փոխադրող միջոցների եւ բաղադրիչ տարրերի անօրինական փոխադրումների դեմ պայքարն է տարածման ոլորտում կասկածվող երկրների եւ ոչ պետական կազմավորումների միջեւ: Ներկայումս նախաձեռնությանը միացել է 102 պետություն: Հայաստանը նախաձեռնությանը միացել է 2006թ. մարտի 24-ին’ հաստատելով արգելման սկզբունքների հայտարարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում