Սկանդալային փաստեր թանկարժեք բիոզուգարանների վերաբերյալ

340 հազար դոլար արժողությամբ երկու թանկարժեք բիոզուգարանների վերաբերյալ նորանոր, ընդ որում, սկանդալային փաստեր են ի հայտ գալիս: Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Հայաստան ներկրված բիոզուգարաններն ամենեւին էլ բիոզուգարաններ չեն, պարզապես զուգարաններ են»:

Ավանեսյանը նաեւ հայտարարել է, թե այժմ փորձում են վերացնել 3 տարի առաջ գնված այդ զուգարանների անսարքությունները, եւ համապատասխան հանձնարարական է տրվել Ազգային մրցունակության հիմնադրամին: Այսինքն’ ստացվում է, որ այս ողջ ընթացքում հայ հանրությանը պարզապես խաբել են եւ մսխել ՀՀ պետական բյուջեի միջոցները: Իսկ թե ով է մսխել այդ գումարները, դժվար չէ ենթադրել. բիոզուգարանները ձեռք է բերել Ազգային մրցունակության հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը նույն ինքը’ վարչապետ Տիգրան Սարգսյանն է:

Ի դեպ, հոգաբարձուների խորհրդի անդամ են՝ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը եւ այլք:

Այսինքն՝ ստացվում է, որ վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խաբեություն, եւ գործել է կոռուպցիոն հստակ մեխանիզմ: Ու այսքանից հետո պատասխանատուները դեռ շարունակում են պաշտոնավարել: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Փարիզի փողոցներում տեղադրված բիոլոգիական զուգարանների արժեքը տատանվում է 7-8 հազար դոլարի սահմաններում: Իսկ ՀՀ իշխանությունները զուգարանի համար վճարել են 340 հազար դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում