Ծառուկյանի մերձավորները հեռանում են

2010 թվականից ԲՀԿ անդամ եւ ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արմեն Այվազյանն ու նրա հայրը’ Լոռու նախկին մարզպետներից Ստեփան Այվազյանը, ովքեր ԲՀԿ-ն ներկայացնող ծանրակշիռ անձինք են Վանաձորում եւ Լոռու տարածաշրջանում, կուսակցությունը լքելով’ Հայաստանից մեկնել են արտագնա աշխատանքի: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. ««Ժամանակին» հաջողվեց մի քանի հարց ուղղել այժմ Ռոստովում բնակվող Արմեն Այվազյանին, ով Վանաձոր համայնքի 2-րդ գումարման եւ ներկայումս գործող ավագանու անդամ է, բիզնեսմեն:

Ըստ տեղեկությունների’ երկրից հեռանալուց առաջ Դուք եւ Ձեր հայրը լքել եք կուսակցությունը: Դա համապատասխանո՞ւմ է իրականությանը:

Այո, ԲՀԿ-ից դուրս գալու դիմում ես եւ հայրս ներկայացրել ենք: ԲՀԿ մտնելիս մենք առաջնորդվել ենք մեկ սկզբունքով, որ կարողանանք կուսակցական աշխատանքով եւս օգտակար լինել հասարակությանը, իրագործել ԲՀԿ ծրագրերը, բայց այսօր, ինչպես տեսնում եք, ես Հայաստանում չեմ եւ փորձում եմ աշխատանք գտնել ՌԴ-ում:

Արմե՛ն, ԲՀԿ-ից որպես անհա՞տ եք հիասթափված, ով սպասելիքներ ուներ կուսակցությունից ու նրա առաջնորդներից, եւ որոնք այդպես էլ չիրականացան, թե՞ կուսակցության քաղաքականությունից եք դժգոհ ու դրա իրականացման մեթոդներից: Արդյո՞ք ԲՀԿ-ից դուրս գալը քաղաքական դրդապատճառներ ունի:

Ես չեմ ցանկանում քննարկել ԲՀԿ-ի ծրագրերը կամ իրականացման մեթոդները, պարզապես ես այնտեղ ինձ ապագայում չեմ տեսնում: Ես հիասթափված եմ ՀՀ ներկա վիճակից: Ցավում եմ, որ մեր երկրում մարդիկ ուզում են աշխատանք գտնել եւ իրենց գոյությունը պահել, բայց չեն կարողանում: Եվ այսօր, երբ ես ինքս էլ չեմ կարողանում իմ առօրյան ապահովել, չեմ ցանկանում նաեւ կուսակցական աշխատանքով զբաղվել: Եվ անկեղծ կլինեմ, որ ԲՀԿ-ում ես անելիք այլեւս չունեմ: Ես եւ հայրս երբեւէ կուսակցությունից որեւէ պաշտոն չենք ստացել, փորձել ենք մեր հարցերն ինքներս լուծել: Այսօր ես ուզում եմ իմ հարցերով զբաղվել:

Տեղեկություններ ունենք, որ Վանաձորում ԲՀԿ-ականների շրջանում կուսակցությունը լքելու տրամադրություններ կան. Ձեզ հետ միասին Ձեր անդամագրած կուսակցականները’ մոտ 1500 հոգի, նույնպես դիմումներ են պատրաստել, եւ հավանական է, որ հետեւեն Ձեզ: Տեղյա՞կ եք այդ մասին:

Ասեմ, որ այս պահին դիմումներ գրողներ չեն եղել: Բայց մեր գրասենյակն անդամագրել է մոտ 2000 հոգու, եւ բացառված չէ, որ այն մարդիկ, ում համար կուսակցությունում մեր լինելը կարեւոր է, իրենք էլ հեռանան: Ամեն դեպքում ես չեմ ցանկանա պատճառ լինել ուրիշների որոշման համար։ Ի վերջո, յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր կուսակցական պատկանելությունը…»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում