Փառասիրության մասին
Նմանատիպ
Երկու ճգնակյաց մարդիկ` Աբրահամ և Թեոդորոս անուններով, զրուցում են փառքի մասին:
Աբրահամը հարցնում է իրենից ավելի փորձառու Թեոդորոսին.
«Ո՞րն է ավելի լավ և օգտակար, փառքի՞ ձգտելը, թե՞ անփառունակության»:
Թեոդորոսը պատասխանում է.
«Ես ավելի փառք եմ ցանկանում, քան թե անպատվություն, քանզի եթե բարի բան անեմ և փառքի արժանանամ, շատերին նաև օրինակ կլինեմ, իսկ եթե փառասիրությամբ մեղանչեմ, միայն ինձ պետք է մեղադրեմ և ոչ թե մարդկանց»:
Աբրահամը տալիս է երկրորդ հարցը.
«Իսկ ինչու՞ բոլոր մեծ Հայրերը ոչնչից այդքան չէին վախենում, որքան փառքից»:
Եվ սրան հետևում է իմաստուն պատասխանը.
«Նրանք վախենում էին ոչ թե փառքից, այլ կեղծ փառքից, կամ ավելի լավ է ասել` նրանք զգուշանում էին, որ իրենց սրտերը չվարակվեն փառասիրությամբ: Բարի գործերին հետևող փառքի և Աստծո պատվիրանները աշխարհի ունայնությամբ փոխարինող փառասիրության միջև մեծ տարբերություն կա: Բարիք գործիր միայն Աստծուն հաճելի լինելու համար, և այն ժամանակ Աստված ոչ միայն չի դատապարտի փառքը, որը մարդ ձեռք է բերել առանց դրան ձգտելու, այլև այս փառքին կգումարի նաև այն փառքը, որը Նա աշխարհի սկզբից պատրաստել է Իրեն սիրողների համար»:
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից
Աղբյուր՝ Surbzoravor