Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին կլուծի սոցիալ-տնտեսական եւ ռազմավարական բազմաթիվ խնդիրներ. Բ. Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 30-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ Երեւան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:

Նախագահ Սահակյանի խոսքով’ հանդիպումների այս ձեւաչափը վաղուց արդեն դարձել է համահայկական կարեւորագույն ծրագրերի քննարկման եւ առաջնահերթությունների նախանշման հարթակ: Բակո Սահկյանը նշել է, որ այսօր մեր առջեւ ծառացած են որակապես նոր խնդիրներ, որոնց պետք է լուծում տրվի՝ իրականացնելով ռազմավարական նոր ծրագրեր: Նման նախագծերի շարքում երկրի ղեկավարը կարեւորել է Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, որը հյուսիսային ուղղությամբ Արցախը Հայաստանին կապող հիմնական օղակն է, եւ որի դերակատարությունը դժվար է գերագնահատել հայկական երկու հանրապետությունների կյանքում:

Ըստ Նախագահ Սահակյանի’ մայրուղու շահագործումը միանգամից կլուծի սոցիալ-տնտեսական եւ ռազմավարական բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես, կնպաստի ԼՂՀ Մարտակերտի եւ Շահումյանի շրջանների առաջընթացի ապահովմանը, ժողովրդագրական վիճակի բարելավմանը եւ լուրջ խթան կհանդիսանա ամբողջ Արցախի զարգացման ու զորացման համար:

Հաշվի առնելով այս ամենը’ Արցախի Հանրապետության Նախագահն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2013»-ի ծրագրում ընդգրկել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքները: Առաջարկն ընդունվել է եւ մտցվել 2013թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ:

Նույն օրը հայկական երկու հանրապետությունների առաջնորդները մասնակցել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երրորդ նիստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում