«Հո բորսայական ապրա՞նք չի».ԲՀԿ-ական պատգամավորը՝ Ծառուկյանի եկեղեցու մասին

Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցին բուռն քննարկումների տեղիք տվեց եւ մինչ օրս ֆեյսբուքում շրջանառվում է, թե մեր նման սոցիալական ծանր պայմաններում գտնվող երկրում այս պահին 60 մլն դոլար ծախսել եկեղեցու համար չէր կարելի: Պետք էր ավելի արդյունավետ ծախսել այդ գումարները:

Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Օրինակ, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն առաջարկում էր այդ գումարով մի քանի հինավուրց եկեղեցի վերականգնել եւ մնացած գումարով զենք-զինամթերք ձեռք բերել: Այս առնչությամբ այսօր Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց՝ որպես տնտեսագետ, ի՞նչ եք կարծում, այդ 60 մլն դոլարի ծախսն արդյունավե՞տ էր՝ հաշվի առնելով, թե ինչ վիճակում է գտնվում մեր երկիրը: Նա պատասխանեց. «Եթե դուք նայեք, տեսնեք, ինչ զարդաքանդակներ կան այնտեղ, հո բորսայական ապրա՞նք չի, այդ զարդաքանդակները…ես գտնում եմ, որ այդ թիվն արժանահավատ է: Դուք գիտե՞ք քանի տարվա ընթացքում է դա կառուցվել՝ 7 տարվա ընթացքում: Բա 7 տարվա ընթացքում ամեն մի զարդաքանդակի նրբությունն ինչ է, չէ՞ որ դա մնալու է դարերով: Դա հարստություն է, եւ կարծում եմ՝ անպայման հիմնավորված է այդ ծախսը»: Միքայել Մելքումյանը վստահեցրեց, որ այցելել է այդ եկեղեցի դեռեւս կառուցման ընթացքում: Մեր հարցին՝ իսկ առհասարակ եկեղեցիներ հաճա՞խ եք գնում՝ նա պատասխանեց. «Չէ, չէի ասի, եթե ժամանակ է լինում…Օրինակ գնացել էի Ղարաբաղ, Շուշիում մտա մոմ վառեցի»»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում