Հովհաննես Գալստյան. Պետք է հասնենք հաղթանակի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության տնօրեն Հովհաննես Գալստյանը փետրվարի 23-ին դադարեցրել է հացադուլը, որը սկսել էր 21 օր առաջ։ Նա պատրաստվում է փետրվարի 26-ին հանդիպել կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Panoranama.am-ի հետ զրույցում Հ. Գալստյանն ասաց, որ Ա.Հարությունյանի հետ դրական բանակցությունների փուլ են մտել։
«Ես որոշել եմ որևէ մանրամասներ չհրապարակել մինչև վերջացնենք այդ փուլեր։ Բանակցությունները մի քանի փուլով են»,- ասաց ռեժիսորը։
Հարցին՝ արդյո՞ք այս անգամ բանակցություններից դրական ակնկալիքներ ունեք, Հ. Գալստյանը պատասխանեց. «Այո, մենք ճիշտ ենք, մենք ճշմարիտ ճանապարհով ենք գնում, պետք է հասնենք հաղթանակի։ Խոսքը միայն մեր ֆիլմի մասին չէ, խոսքը նաև կինոյի կառավարման մոդելի մասին է»։
Հ. Գալստյանի խոսքով, երբ ինքը հացադուլի մեջ էր, «Տատիկիս վարսերը» ֆիլմի բուլղարացի պրոդյուսերը վերջին տաս օրը նույնպես հացադուլ էր հայտարարել, որի մասին իրեն չէր էլ ասել։
Հացադուլը դադարեցնելու օրը Հ. Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մի քանի անգամ հանդիպել էր կրթության և գիտության նախարարի հետ, քննարկել հացադուլի պահանջների ամբողջ «փաթեթը»։
«Այցի ավարտին ես առաջարկեցի նախարարին գրավոր փաստաթղթի վերածել մեր «ճանապարհային քարտեզը», հանդիպումների ժամանակացույցի և ձևաչափի ամրագրումով։ … Առաջին հանդիպումը նախարարի հետ տեղի կունենա շաբաթվա սկզբին։ Ենթադրաբար, հանդիպումները կշարունակվեն մինչև մարտի առաջին տասնօրյակի ավարտ։ Նույնքան էլ պետք է Հացադուլից վերականգնվելու, ֆիլմի աշխատանքներին վերադառնալու համար։ Մարտի 12-13-ին կհրապարակենք բանակցությունների արդյունքները՝ ասուլիսով»,- մասնավորապես գրել էր ռեժիսորը։
Ա. Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպես կառավարության անդամ՝ պատրաստ եմ սույն թվականի փետրվարի 26-ին ժամը 17։30-ին ընդունել Հովհաննես Գալստյանին և քննարկել ոլորտում առկա խնդիրները, իսկ մարտի 1-ին առավոտյան ժամը 9։30-ին կազմակերպել հանդիպում Հովհաննես Գալստյանի, իր փաստաբանի, Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի, այլ իրավաբանների և իմ մասնակցությամբ՝ քննարկելու «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ առկա խնդիրները, անելու հնարավորինը խնդիրը կարգավորելու համար՝ միաժամանակ չբացառելով, որ հաջողության չհասնելու դեպքում խնդիրը կլուծվի դատական/իրավական կարգով»։
Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը, ով փետրվարի 3-ից հացադուլ էր հայտարարել, պահանջում էր վերսկսել «Տատիկիս Վարսերը»՝ պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ 13.11.2015թ․ Nօ․329 գրությամբ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների, վերադարձնել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017թ-ին վերցրած գումարները, սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում