Նազենի Ղարիբյան. «Համազգային թատրոնի միակ առանձնահատկությունը Սոս Սարգսյանի կողմից հիմնված լինելն է»

Նազենի Ղարիբյան. «Համազգային թատրոնի միակ առանձնահատկությունը Սոս Սարգսյանի կողմից հիմնված լինելն է»

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Aravot.amAravot.am-ը մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանից հետաքրքրվեց, թե ինչպես են մշակութային հաստատությունների լուծարման վերաբերյալ փաստաթղթերը հայտնվել նախարարության պատերից դուրս ու դրվել շրջանառության մեջ, եւ արդյոք իրականությանը համապատասխանում են, օրինակ` Համազգային թատրոնի, Կոմիտաս քառյակի լուծարման վերաբերյալ լուրերը:

Տիկին Ղարիբյանը հայտնեց, որ տեղի է ունեցել տեղեկատվության արտահոսք, եւ նախարարության աշխատակիցներից ինչ-որ մեկը, իր ձեւակերպմամբ, քաղծառայողին ոչ հարիր կեցվածք է դրսեւորել:

«Դա մեր ներքին աշխատանքային փաստաթղթաշրջանառության համակարգում է պտտվել, ընդամենը առաջարկների փաթեթ է, որն արվել է վերլուծությունների հիման վրա, բայց դա չի նշանակում, որ դա վերջնական որոշում է: Դա ընդամենը տեղեկանք է եւ անգամ նախագիծ չէ: Այդտեղ ինչ-որ գրված է, գրված է փաստարկված վերլուծության հիման վրա, իսկ թե ինչպես է հայտնվել «դրսում», հավանաբար նախարարության աշխատողներից մեկը քաղծառայողին ոչ հարիր գործողություն է կատարել եւ մեր ներքին աշխատանքային փաստաթուղթը տրամադրել է ԶԼՄ-ներին: Այդպիսի վերլուծություններ, առաջարկներ, տեղեկանքներ բոլոր նախարարություններում էլ կատարվում են»,-ասաց Նազենի Ղարիբյանը:

Մշակույթի նախարարի պարտականությունների կատարողը նշեց. «Առաջին մոտիվացիան եղել է այն, որ մեր ՊՈԱԿ-ներին առավել հնարավորություն տրվի դրսեւորվել ստեղծագործական, իսկ կոլեկտիվները կպահվեն: Ունենք 4-5 հոգանոց ՊՈԱԿ-ներ, որոնք ունեն տնօրեն, հաշվապահ, լուծարելու, միավորելու չափանիշներից մեկն էլ դա է եղել: Ինչ վերաբերվում է Կոմիտասի քառյակին, իր ազգային կոչմանը ոչ ոք չի դիպչում, եւ ինքը մնալու է ազգային ավանդույթներով Կոմիտասի անվան քառյակ: Խնդիրն ուղղակի այն է, որ ավելի լավ է իր հաշվապահությունը կատարվի Կոմիտաս թանգարան-ինստիտուտի միջոցով, մանավանդ իրենք միմյանց հարիր են»:

Մեր զրուցակիցը Համազգային թատրոնին էլ անդրադարձավ. «Համազգային թատրոնը հիմնվել է Սոս Սարգսյանի կուրսի հիմքի վրա, դերասանական կազմը մի կուրսից է եղել: Թատրոնը հիմնվել է ինստիտուտի ակտիվի հիման վրա: Մեր երկրորդ չափանիշը այն է, որ եթե թատրոնը պետք է մնա ամբողջությամբ պետական դոտացիայի տակ, ուրեմն պետք է ունենա ժանրային առանձնահատկություն: Իսկ իրենց թատրոնը որեւէ ժանրային առանձնահատկություն չունի, բացի նրանից, որ Սոս Սարգսյանի կողմից է հիմնադրված, դրա համար մենք ուղղակի առաջարկում ենք, որ այն մտնի ինստիտուտի կազմի մեջ, եւ ուսանողական հարթակի ու դրամատիկական պրոֆեսիոնալ թատրոնի միջեւ եղած կապող օղակ լինի, որտեղ կլինեն տարբեր ռեժիսորներ, ուսանողներ, նոր ավարտածներ, կդրվեն փորձարարական ներկայացումներ»:

Նազենի Ղարիբյանն ասաց, որ իրենց վրա պարտականություն չեն դրել, թե մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների քանի տոկոսը պետք է լուծարել: «Մենք ուղղակի արել ենք վերլուծություն, եւ ես չեմ հաշվել, թե վերլուծության արդյունքում քանիսն են լուծարվելու մեր ունեցած 70 ՊՈԱԿ-ներից: Մեր առաջին մղումը եղել է հասկանալը դրանց գործունեության արդյունավետությունը, համապատասխանելիությունը իրենց կանոնադրությամբ սահմանված նպատակներին եւ կարգավիճակին…Այնպես որ, խնդիր դրված չի եղել ՊՈԱԿ-ների ինչ-որ քանակից ինչ-որ քանակի անցնել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում