ՀՅԴ-ում «պերեվառոտ» է սպասվում

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Մի քանի օր է, ինչ սոցցանցում ՀՅԴ վերնախավին ուղղված նամակ է շրջում’ «ՀՅԴ Հայաստանի ընկերների ճնշող մեծամասնության» անունից: Նամակում անդրադարձ կա ՀՅԴ Բյուրոյի և ԳՄ-ի վերջին տարիներին դրսևորած «անգործությանը», ինչն էլ դարձել էր, ըստ նամակագիրների, ընտրություններում ՀՅԴ պարտության պատճառը: Նամակում կոչ է արվում արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրել, նոր Բյուրո ձևավորել, որտեղ 1998-ից «ի վեր ԳՄ-ի և Բյուրոյի ոչ մի ներկայացուցիչ չպետք է ընդգրկվի»: Չնայած նամակն անստորագիր է, սակայն, մեր տեղեկություններով, Լիբանանի ՀՅԴ կառույցը հանդես է եկել արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրելու նախաձեռնությամբ, և, ըստ ՀՅԴ կանոնադրության, եթե կառույցների կեսը միանա նախաձեռնությանը, ապա արտահերթ ժողովը չի բացառվում, և, ինչպես նկատում են մեր աղբյուրները, «պերեվառոտը» ՀՅԴ-ում կիրականանա:

Փորձեցինք ճշտել ՀՅԴ վերաբերմունքն այս ամենին: ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն ասաց, որ նպատակահարմար չի համարում անստորագիր հայտարարությանը պատասխանելը. «ՀՅԴ-ն ունի հստակ մեխանիզմներ, ընթացակարգեր, թե ինչպես պետք է ղեկավար մարմինների հետ կապված տարաձայնությունները քննարկվեն: Որևէ դաշնակցական ընկեր այդ մեխանիզմները մի կողմ թողնելու իրավունք չունի, դա դաշնակցականին ոչ բնորոշ, դատապարտելի արարք է: Երկրորդ, անկախ այս կամ այն դաշնակցականի տեսակետից, ՀՅԴ-ն ինքը նախաձեռնել, նաև ջատագովն է քննարկումներ սկսել այս փուլում կուսակցությունում առկա վիճակի առնչությամբ և համապատասխան հետևություններ անել, լուծումներ տալ»: Ինչ վերաբերում է Բեյրութի կառույցի առաջարկին, ապա Համբարձումյանն ասաց, որ առանձին կառույցներ իրավունք ունեն հանդես գալ նման նախաձեռնությամբ: Եթե այդ կառույցների թիվը հասնի 6-ի’ կառույցների կեսը պահանջեն, արտակարգ Ընդհանուր ժողով կհրավիրե՞ք: «Բնականաբար, որովհետև կանոնակարգն այդպես է պահանջում»: Ի դեպ հիշեցնենք, որ ՀՅԴ նախկին անդամ ժիրայր Սեֆիլյանը և, ոմանց գնահատականներով’ ՀՅԴ չբացահայտված անդամ համարվող Վարդան Օսկանյանը ծնունդով Բեյրութից են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում