Աշխարհում չկա որևէ այլ հակամարտություն, որը բարձրացած լինի նման բարձր մակարդակի. Է. Նալբանդյանը` ԼՂ հակամարտության մասին

ԼՂ հակամարտությունը պաշտոնապես չի քննարկվում ո՛չ Եվրոպայի խորհրդում, ոչ ԵԽ Նախարարների կոմիտեում, քանի որ այդ կառույցները մանդատ չունեն, բայց մենք շնորհակալ ենք` ԼՂ խնդրի կարգավորման որոնումներում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության նկատմամբ նրանց և այլ միջազգային կառույցների հետաքրքրության համար:

Երևանում մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մշտական հանձնաժողովի նիստում, շնորհակալություն հայտնելով եվրոպական կառույցներին ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցելու համար, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Աշխարհում չկա որևէ այլ հակամարտություն, որը բարձրացած լինի նման բարձր մակարդակի»,-Aysor.am-ի փոխանցմամբ ասել է ԱԳ նախարարը` հավելելով, որ Հայաստանը ողջունում է ընդունված բոլոր հայտարարությունները և պատրաստ է այդ հիմքով մասնակցել հակամարտության կարգավորմանը:

«Հայկական կողմը երբեք չի պահանջել միջազգային հանրությունից աջակցել բացառապես իր դիրքորոշմանը: Մենք ակնկալում ենք միջազգային հանրության աջակցությունը, որն արտացոլված է այս հայտարարություններում: Նման իրական աջակցությունը կօգնի խաղաղ կարգավորում գտնել»,- ասել է Է. Նալբանդյանը և հավելել, որ հայկական կողմը նմանատիպ մոտեցում է սպասում նաև Ադրբեջանից:

Մեկ այլ աղբյուր` Panorama.am-ը հայտնում է, որ պատասխանելով եվրոպացի պատգամավորներից մեկի այն հարցին, թե սիրիական հակամարտության մեջ Հայաստանն ինչպիսի դիրքորոշում ունի, Է. Նալբանդյանն ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այսօր մեծ օժանդակություն է վայելում Սիրիայում, և Հայաստանը չի կարող արհամարել այդ փաստը:

Նշենք, որ Հայաստանը վեց ամիս շարունակ նախագահելու է ԵԽ Նախարարների կոմիտեում և այդ պատճառով էլ, որպես նախագահող երկիր, Մշտական հանձնաժողովի նիստն անցկացվում է Երևանում:

Նալբանդյանը տեղեկացրել է, որ այսօր ի տարբերություն նախորդ տարիների, երբ Սիրիայում 120 հազար հայ էր ապրում, նրանց թիվը հասել է 40 հազարի: Չնայած պատերազմական պայմաններից բխող բարդություններին, այնտեղ են նաև հայ դիվանագետները, և Նալբանդյանի խոսքով, Հայաստանի հյուպատոսությունը միակն է, որն այս պահին էլ աշխատում է այնտեղ:

«Պատկերը սև ու սպիտակ չէ, շատ բարդ է: Քաղաքացիական պատերազմի այս բարդ իրավիճակում մենք պետք է հաշվի առնենք և Սիրիայի նախագահին օժանդակող մարդկանց և ընդդիմության աջակիցների կարծիքները», -հայտարարել է Նալբանդյանը:

Այդ իրավիճակի լուծման համար, ըստ Հայաստանի ԱԳ նախարարի, միջազգային հանրությունը պետք է ջանքեր գործադրի սատարելու Սիրիայի խնդիրների լուծման համար հրավիրվելիք ժնևյան երկրորդ խորհրդաժողովին:

«Պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի հաջողություն լինի, այս երկրում պատերազմական գործողություները դադարեն, հաշտեցում լինի ու հնարավոր լինի մտածել ապագայի մասին», -հայտարարել է Նալբանդյանը:

Նշենք, որ Ժնևյան առաջին խորհրդաժողովը հաջողություն չէր ունեցել, և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ Պետքարտուղար Քերրին պատրաստակամություն էին հայտնել հրավիրել երկրորդ խորհրդաժողովը:

Հայաստանի ԱԳ նախարարի խոսքով, միջազգային հանրությունը պետք է դասեր քաղի Ժնևյան առաջին խորհրդաժողովի ձախողումից և նույնը չկրկնի երկրորդի դեպքում:

«Ինչու բնակչության մեծամասնությունն իրականում չի սատարում ընդդիմադիր ուժերին, որովհետև մտահոգություններ ունեն, թե ինչ կլինի հետո: Դյուրաբեկ իրավիճակ է և պետք է մտածել, թե ինչ կլինի հետո ու փորձենք գտնել լուծումներ»,- հայտարարել է Նալբանդյանը:

Լուսանկարը Panorama.am-ի 

Հետևեք մեզ նաև Telegram-ում