Էրդողանը նոր սկանդալի մեջ է հայտնվել

Թուրքիայում «Լամպ Թայիփ» արտահայտության շուրջ ծագած սկանդալը դեռ չավարտված, նորն է հասունանում’ «Գազման Էրդողան»:

Թուրքական «Հաբեր ա» լրատվական կայքը փոխանցում է, որ գլխավոր ընդդիմադիր ուժի’ «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահի օգնական Ումութ Օրանը իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» կողմից արցունքաբեր գազի չափաբաժնի բարձրացմանն ի պատասխան պատրաստել է «Գազման’ ԱԶԿ-ի արցունքաբեր գազի պատմությունը» գրքույկը և ԹԱՄԺ-ին արցունքաբեր գազի կիրառումն արգելելու համար օրինագիծ է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից:

«Գազման’ ԱԶԿ-ի արցունքաբեր գազի պատմությունը» գրքույկում ներկայացվում են արցունքաբեր գազի առաջացրած առողջական խնդիրները, դրանից պաշտպանվելու անհրաժեշտ ձևերը:

Պատգամավորը, նշելով, որ ոչ թե Էրդողանի որոշումն է անցնելու, այլ ժողովրդի, հավելել է. «Ստամբուլը չի կարող հանձնվել արգելքի, ճնշումների, վախի, ջրցան մեքենաներով քաղաքացիների նկատմամբ ուժ գործադրելու, արցունքաբեր գազ կիրառելու, գազային ատրճանակներով կրակ բացելու միջոցով: Քաղաքացու սիրտը գրավելու համար պետք է խիղճ ու ազնվություն ունենալ: Այս կառավարությունը ոչ խիղճ ունի, ոչ էլ ազնվություն, ճնշում ու ուժի կրառում կա միայն: Սրանք մարդու նկատմամբ սեր չունեն, սրանք միայն արցունքաբեր գազ են սիրում: Այդ իսկ պատճառով վարչապետի անունն արդեն Գազման է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում