«Չքացան դերերս, երդվյալ ընկերներս, ինձ հետ էր միայն ընտանիքս ու իմ ցավը, սա էլ եղավ նոր ճանապարհիս սկիզբը»

«Չքացան դերերս, երդվյալ ընկերներս, ինձ հետ էր միայն ընտանիքս ու իմ ցավը, սա էլ եղավ նոր ճանապարհիս սկիզբը»

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, Aravot.am: Վերջերս գերմանական Քյոլնում հայ համայնքի սրահում նշվեց դերասանուհի Արմինե Մացակյան-Բագրատունու ծննդյան հոբելյանը: «Առավոտըկապվեց կարիերան Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում սկսած դերասանուհու հետ եւ ընդամենը մեկ հարց ուղղեց՝ ի՞նչ ունեիք հայրենիքում, ի՞նչ ունեք հիմա եւ ի՞նչ է սպասվում ձեզ առաջիկայում: «Մինչեւ 2000թ. կյանքս ընթանում էր հանդարտ ու օրինաչափ: Ամուսնացա, բալիկ ունեցա եւ գալիք փոթորկի ոչ մի նախանշան կարծես թե չկար: Սակայն մի քանի անհաջող վիրահատությունից հետո ամբողջովին կորցրի տեսողությունս: Ճիշտ է, չեմ սիրում այս մասին խոսել, բայց նշեմ, որ կարճ ժամանակահատված անց իմ կյանքում ամեն ինչ շրջվեց գլխիվայր, չքացան աշխատանքը, դերերը, երդվյալ ընկերներս՝ որոշ մեկ-երկու վերապահումով, անհետացան եւ ես մնացի մենակ: Ինձ հետ էր միայն ընտանիքս ու իմ ցավը: Բայց հենց սա էլ եղավ նոր ճանապարհիս սկիզբը»,- ասաց դերասանուհին: Հետո էլ հավելեց. «Նման իրավիճակում, սակայն, ինձ վստահեցին ռեժիսորներ ու ես սկսեցի նորից բեմ բարձրանալ: Սկզբում մարմնավորեցի Էմիլի Քեյթիի կերպարը Սարոյանի «Հեյ, ով կա այդտեղ» պիեսում, որի համար 2004թ. արժանացա Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակին, ինչի համար շնորհակալ եմ: Դրանից հետո մի տեսակ ավելի համարձակ էի, խաղացի «Ինձնից մինչեւ ես» մոնոներկայացումը: Հետո՝ ամուսնուս ռեժիսուրայով, ըստ Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգության՝ «Լեդի Մակբեթ» մոնոներկայացումը: Դրանով մասնակցեցի «Թատերական Լոռի», երեւանյան մոնոներկայացումների միջազգային փառատոներին, այնուհետեւ Կիեւի «Մարիա», Մոսկվայի «Սոլո», Գերմանիայի Քիլի «Թեսփիս» փառատոներին, որոնք ինձ, բացի մրցանակներից, բերեցին ճանաչում»:

Արմինե Մացակյան-Բագրատունու մրցանակներին ու ճանաչմանը 2013թ. հաջորդեցին առողջական խնդիրները, որոնց պատճառով ստիպված եղավ հեռանալ հայրենիքից եւ հաստատվել Գերմանիայում: Այս առիթով մեր զրուցակիցը հավաստիացրեց. «Հայաստանում բժիշկներն ինձ պարզապես հայտարարեցին՝ մեզ մոտ շաքարային դիաբետով հիվանդին չեն վիրահատում, միակ ելքը Գերմանիա մեկնելն է… Ասացին ուղիղ եւ անթաքույց»: Հետո էլ հավելեց. «Արդեն վեց տարի ապրում եմ Գերմանիայում: Ես միակը չեմ: Ստեղծագործող մարդը պետք է շարունակի արարել: Քյոլնի հայ համայնքում ամուսինս՝ Տիգրան Բագրատունին (Հայաստանում նրան գիտեն, ճանաչում են Թեմուր Աճինյան անունով), կազմեց «Վանադուռ» թատերախումբը ու մեր ընտանիքը մինչ օրս շարունակում է ապրել թատրոնով ու թատրոնի մեջ: Օրինակ, եղեռնի 100-ամյա տարելիցի առիթով Տիգրանը բեմադրեց Խալաթյանի «Սիմոն Թագավոր» պիեսի մոտիվներով «Արմենոցիդ» ներկայացումը, որը այս տարի ապրիլի 23-ին եւս պիտի ցուցադրվի Քյոլնում: Ընդամենը օրերս տեղեկացանք, որ այդ բեմադրությունը «հրավիրված» է Ֆրանկֆուրտ եւ Մայնց»:

Արվեստագետն իր փորձից ելնելով ասաց, որ եկեղեցու (նկատի ունի Քյոլնի) կամարների տակ Նարեկացի խաղալը իսկապես յուրահատուկ ներշնչանք եւ տիեզերական էներգիայի ու լույսի բռնկում է ծնում. «Դու դառնում ես եկեղեցու պատուհանից ներս թափանցող լույսի մի փունջ, հասկանում ես, որ եւ կաս, եւ չկաս: Ես եւ ամուսինս Նարեկացի ներկայացրել ենք հայաշատ Բիլեֆելդ քաղաքում եւ Բեռլինում…»: Արմինե Մացակյանը կտրուկ շեղեց թեման դեպի քառօրյա պատերազմ. «Այդ օրերին մեր որդին ժամկետային զինծառայող էր, պաշտպանում էր Ասկերանի դիրքերը եւ այդ 4 օրն ինձ համար ոչ թե քառօրյա, այլ չորսդարյա արհավիրք էր: Մեր ընտանիքը շունչը պահած սպասում էր Արցախից եկած յուրաքանչյուր լուրի: Անկասկած, մենք հպարտանում ենք մեր որդով: Փառք Աստծո, որ ամեն ինչ վերջացավ: Քյոլնում նույնիսկ գերմանացիներն են որդուս ասում՝ դու իրական հերոս ես…»:

Անդրադառնալով իր հոբելյանական երեկոյին, դերասանուհին փաստեց. «Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը անակնկալ նվեր մատուցեց ինձ՝ արժանացա միության բարձրագույն պարգեւին՝ Ոսկե մեդալին, որն իմ շատ սիրելի թատերագետ Նվարդ Ասատրյանը հասցրեց բերել ու հանդիսության ժամանակ հանձնել ինձ: Ամուսինս հոգացել էր ամեն ինչի մասին. ցուցադրվեց ֆիլմ՝ բազմաթիվ շնորհավորանքներով ու անակնկալներով, ինչը յուրօրինակ ձեւով ներկայացնում էր կյանքիս անցած ուղին: Երեկոն իրենց ներկայությամբ պատվեցին Գերմանիո Հայոց թեմի ներկա եւ նախկին առաջնորդները, Քյոլնի հայ համայնքի վարչությունը: Խորհրդանշական էր, որ հյուրերիս քանակը եւս 50 էր: Սկսել եմ ճանապարհս 50-ից հետո…»:

Դիտարկմանը՝ ձեր ամուսնուն՝ Թեմուր Աճինյանին, թատերարվեստի մարդիկ ու հանդիսատեսը հիշում են իբրեւ դերասանի, որը 2009թ. «Արտավազդ» մրցանակաբաշխությունում ճանաչվեց «Լավագույն տղամարդ դերասան», բայց Գերմանիայում նա հանդես է գալիս Տիգրան Բագրատունի, տիկին Մացակյան-Բագրատունին պատասխանեց. «Գերմանիայում ամուսինս մկրտվեց Տիգրան Բագրատունի: Նա հրաժարվեց Թեմուր մուսուլմանական տարածված անունից: Դեռ Հայաստանում ամուսինս փորձում էր վերականգնել իր տոհմական ազգանունը, սակայն դրա համար բավականաչափ փաստեր ու ապացույցներ չկարողացավ գտնել, իսկ հայաստանյան արխիվների դռները այնքան էլ սիրալիր չէին բացվում նման հարցերի համար: Գերմանիայում այդ գործընթացը շատ ավելի դյուրին էր: Ճիշտ է՝ անվանափոխման գործընթացը երկար տեւեց, սակայն արդյունավետ: Նշեմ, որ այժմ Տիգրանը Արեւմտյան Հայաստան պետության վտարանդի կառավարության Ազգային ժողովի նախագահն է եւ պետության գլուխն է հանդիսանում Գերմանիայում: Ակտիվ աշխատում է Բագրատունյաց արքայական իշխանական տան իրավունքների վերականգնման, հայոց միապետական ինստիտուտի վերականգնման ուղղությամբ: Անցյալ տարի ամռանը նա հիմնադրեց Հայոց Բագրատունյաց իշխանական տոհմական ասպետական տան «Անգեղաց տուն» միաբանությունը: Իսկ մոտ ապագայում ամուսնուս հավակնոտ պլաններից են Հայաստանի տարածքում Բագրատունիների պատմական տոհմական ամրոցներից մեկի ամբողջական վերականգնումն ու Երեւանում Արքաների թանգարան հիմնելը»:

Զրույցի ընթացքում դերասանուհին առանց մանրամասնելու նշեց, որ ինքն ու ամուսինը պատրաստվում են Կոմիտասի եւ Թումանյանի 150-ամյակներին նվիրված երաժշտական-թատերական մեծ կոլաժի:

Հարցին՝ վերջերս վարչապետ Փաշինյանը հանդիպում ունեցավ Գերմանիայի ամենամեծ՝ Քյոլնի հայկական համայնքի հետ, դուք ներկա՞ էիք միջոցառմանը, տիկին Մացակյան-Բագրատունին պատասխանեց. «Ամուսինս համայնքի վարչության անդամ է եւ ընդգրկված էր վարչապետի այցը կազմակերպող խմբի մեջ: Սակայն առանձնազրույց ունենալու եւ համապարփակ հարցաշար ներկայացնելու հնարավորություն չունեցավ, բայց վարչապետին արժեր ներկայացնել պատմական հուշարձանի ծրագրվող վերականգնման, խոշոր ներդրման եւ հայոց իրավունքի բազմաթիվ կնճռոտ հարցերի մասին: Այս հարցերը լուրջ քննարկման կարիք ունեն եւ չեն ենթադրում ճեպազրույց»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում