Դավիթ Տոնոյանը բացառում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կընտրվի առանց Հայաստանի մասնակցության
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացառում է այն հնարավորությունը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարող է ընտրվել առանց այդ գործընթացին Հայաստանի մասնակցության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Տոնոյանն ասաց մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում:
«Դա գլխավոր քարտուղարի նշանակում է, ինչ-որ որոշում չէ, մարտավարական կամ օպերատիվ-մարտավարական օղակում որոշում կայացնելու խնդիր չէ: Սա ռազմավարական, դաշինքի գլխավոր քարտուղար ընտրելու խնդիրն է: Ինչպես կարելի է առանց դաշինքի մեկ անդամի ընտրել կամ նշանակել քարտուղար: Կանոնակարգը նման բան թույլ չի տալիս»,- ասաց Տոնոյանը:
Նախարարի խոսքով` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության վերաբերյալ իրենց գերատեսչությունն իր կարծիքը հայտնել է, և այս պահին այլ մարմիններ են զբաղվում այս հարցով:
«Այս պահին Արտաքին գործերի նախարարությունը համապատասխան աշխատանք է տանում ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ-ի քարտուղարությունն է համապատասխան աշխատանք տանում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իր կարծիքը հայտնել է»,- նշեց Դավիթ Տոնոյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում