Ֆրանսիայի դեսպանը 3 ֆիլմ առանձնացրեց ու խոստացավ, որ ֆրանկոֆոնիական միջոցառումները հետաքրքիր կլինեն
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, Aravot.am: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը մասնակցում է Ֆրանկոֆոնիայի օրերին եւ այդ համատեքստում առաջարկում է լեզվամշակութային, գիտակրթական միջոցառումներ: Իսկ Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերը կընդգրկեն մարտի 11-ից ապրիլի 12-ը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը նշեց, որ դեռ թարմ են Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի տպավորությունները. «Բոլորս շատ լավ հիշում ենք այն մեծ տոնախմբությունը, որ կազմակերպվել էր ի պատիվ Ֆրանկոֆոնիայի: Այդ գագաթնաժողովը մեծ հաջողություն էր ինչպես Հայաստանի, այնպես էլ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ու ողջ հայ հանրության համար: Շնորհիվ Հայաստանի, Ֆրանկոֆոնիան եւս մեկ անգամ ճառագեց ու իր ազդեցությունն ունեցավ Հայաստանում», – ասաց դեսպանը:
Ինչպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած ասուլիսում նշեց պարոն Լաքոթը, Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Շվեյցարիայի, Կանադայի և Բելգիայի դեսպանությունների հետ համագործակցությամբ, մասնավորապես մարտի 11-ից 18-ը կազմակերպում է Ֆրանկոֆոն ֆիլմերի 3-րդ փառատոնը: Ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում, մուտքն ազատ կլինի: Ընդհանուր առմամբ կցուցադրվի 11 ֆիլմ: Դրանք ֆրանսերենով են՝ ռուսերեն կամ հայերեն ենթագրերով:
Դեսպանը առանձնացրեց հատկապես երեք ֆիլմ` Պիեռ Շոլերի «Ժողովուրդը եւ իր արքան» պատմական դրաման, Անահիտ Դասո Տեր – Մեսրոպյանի « Arménie(s) Արտիստների ժամանակը» վավերագրական Ֆիլմը, որի պրոդյուսերն է Սերժ Ավեդիկյանը, ինչպես նաեւ փակման ֆիլմը` Ժիլ Լըլուշի «Մեծ բաղնիք» կատակերգությունը, որը 2019-ին «Սեզար» է նվաճել:
Միջոցառումների շրջանակում Երեւանի 119 ավագ դպրոցում կկայանա Ֆրանսիայի դեսպանի կողմից երկլեզվյա ավարտական վկայականների հանձնման արարողություն: Ի թիվս այլ միջոցառումների, մարտի 21-ին եւ 22-ին Գյումրիում, Երեւանում եւ Դիլիջանում ֆրանսիական գաստրոնոմիային նվիրված միջոցառումներ կլինեն: Մեկ այլ միջոցառում նախատեսված է հաջորդ օրը` Ալիանս Ֆրանսեզում: Դա ֆրանսերենի գրավոր մրցույթ է 13-25 տարեկան երիտասարդների համար, հաղթողի մրցանակն էլ Ֆրանսիա ուղեւորությունն է:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, մշակույթի նախարարության եւ Գորիսի քաղաքապետարանի աջակցությամբ Գորիսում կկայանա Երիտասարդ ֆրանկոֆոնների թատերական երրորդ փառատոնը, որը կհամախմբի ավելի քանի 80 երիտասարդների: Այն ներառում է հանդիպումներ ֆրանկոֆոն հեղինակների հետ, սեմինարներ եւ թատերական ներկայացումներ:
Ժոնաթան Լաքոթը նշեց, որ ֆրանկոֆոնիայի օրերը կփակվեն «Տվյալների գիտություն, հասարակությունների գիտություն» խորագրով համաժողովով, որը կկայանա ապրիլի 10-12-ը Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Թուլուզի համակարգչային հետազոտությունների ինստիտուտի եւ ՀՀ գիտությունների ակադեմիայի միջեւ համագործակցությամբ:
Դեսպանն անդրադարձավ նաեւ փետրվարի սկզբին Ֆրանսիայի նախագահի կողմից՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման հայկական խորհրդի ընթրիքի ժամանակ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նոր մասնաշենքի կառուցման համար հայտարարված դրամահավաք-հանգանակության մեկնարկին: Նշեց, որ արդեն հավաքվել է 1 միլիոն եվրո: Խոսեց նաեւ Անատոլ Ֆրանսի անվան դպրոցի մասին, որտեղ սովորողների թիվը աճել է ավելի քան 20 տոկոսով, ընդգծեց Շառլ Ազնավուր հիմնադրամի կարեւոր դերակատարության մասին՝ որպես ֆրանսերենի եւ Ֆրանսիական մշակույթի տարածման կենտրոն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում