Լիբանանի դեսպանը հյուրընկալվել է ՀՀ Սփյուռքի նախարարությունում

Մայիսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մակարոնին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրին՝ Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունն ակտիվ համագործակցում է հայաշատ բոլոր երկրների դեսպանների հետ: «Լիբանանի հայ համայնքն ամենամեծ համայնքներից է և ուրախ ենք, որ Լիբանանում հայերի համար ստեղծված են լավ պայմաններ»,-նշեց նախարարը՝ ակնկալելով, որ արդեն հաջորդ տարի Հայաստանում կկայանա «Լիբանանի հայերի օրեր» մշակութային միջոցառումների շարք, որին էլ անմիջական մասնակցություն կունենա Հայաստանում Լիբանանի դեսպանությունը:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նշեց, որ ակնկալում է երկու երկրների միջև մշակութային, գիտական ակտիվ համագործակցություն և ուրախ է համագործակցության համար, քանի որ այն կարող է տարաբնույթ գործնական քայլերով ավելի ակտիվացնել համայնքային ու զբոսաշրջային կապերը: Նա հավելեց նաև, որ իր նախաձեռնությամբ Լիբանանում կհրատարկվի, ապա նաև Լիբանանում և Հայաստանում կտարածվի մի գրքույկ, որտեղ լիբանանահայերը կներկայացնեն իրենց աշխատանքն և ապրելակերպը: Դեսպանը նշեց նաև, որ շուտով ուղիղ չվերթներ կիրականացվեն Երևան-Բեյրութ-Երևան ուղղություններով, ինչն էլ առավել կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում