ԵԽ պաշտոնյա. «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը կխթանի Հայաստանում մշակութային ժառանգության պահպանությանը
Նմանատիպ
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատտաինի-Դրագոնիին: Այս մասին հայտնում են Մշակույթի Նախարարության մամուլի ծառայությունից:
Նախարարը նշել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցության կարևորությունը և անդրադարձել՝ մայիս-նոյեմբեր ամիսներին Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանում իրականացվելիք մշակութային միջոցառումներին:
Նախարարը նշել է, որ միջոցառումները մեկնարկել են մայիսի 16-ին Ստրասբուրգում՝ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նիստերի դահլիճի նախասրահում կայացած հայկական պատմամշակութային ժառանգությանը նվիրված «Հայաստան. քարերի գաղտնիքը» խորագրով ցուցահանդեսով:
Իրականացվելիք միջոցառումներից նախարարն առանձնակի կարևորել է Ստրասբուրգում Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրության կազմակերպումը:
Հանդիպման կողմերն անդրադարձել են օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանում կայանալիք «Եվրոպական ժառանգության օրերի» ազգային համակարգողների տարեկան հավաքին, որին կմասնակցեն մշակութային ժառանգության ոլորտի պատասխանատուներ’ Եվրոպայի խորհրդից և Եվրամիությունից, ինչպես նաև շուրջ 50 երկրի ազգային համակարգողներ:
Գաբրիելլա Բատտաինի-Դրագոնին հույս է հայտնել, որ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը կխթանի Հայաստանում մշակութային ժառանգության պահպանությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի Հանրապետության անդամակցության հարցը «Եվրոիմաժես» հիմնադրամին: Նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը 2014 թվականից կանդամակցի հիմնադրամին, ինչը էապես կնպաստի կինոարտարդրության ոլորտում հայազգի և եվրոպացի կինոգործիչների, կինոարտադրողների փորձի փոխանակմանը, համատեղ ֆիլմարտադրության իրականացմանը:
Քննարկում է կայացել նաև Եվրոպայի Խորհրդի կոնվեցիաների դրական ազդեցության վերաբերյալ. կողմերն առանձնացրել են Եվրոպայի ճարտարապետության ժառանգության պաշտպանության մասին Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան /ընդունվել է 1985 թ., Հայաստանում ուժի մեջ է մտել 2009 թ./ և Մշակութային ժառանգության կարևորությունը հասարակության համար Եվրոպայի Խորհրդի շրջանակային կոնվենցիան /ընդունվել է 2005 թ., Հայաստանում ուժի մեջ է մտել 2012 թ./:
Հետևեք մեզ նաև Telegram-ում