Համանախագահների հայտարարության հետքերով
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, Facebook: Հայտարարության ընտրված ոճն ու բառակազմն անգամ մտորելու տեղիք են տալիս: Նման վերջնագրային տոնայնությամբ համանախագահները սեփական խոցված ինքնասիրության պատասխա՞նն են տալիս, թե՞ նրանց տեսանելի են այնպիսի վտանգներ և այնպիսի լրջությամբ, որ գործ ունենք այս կարգի զգոնության կոչի հետ:
Համանախագահները չեն կարող չգիտակցել, որ պատասխանատվության իրենց բաժինն են ունեցել Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլին հրահրված պատերազմում: Համահարթեցված անատամ հայտարարությունները, իրերն իրենց անունով չկոչելը, Ադրբեջանի սադրիչ ու ռազմատենչ հայտարարություններին ոչ ադեկվատ արձագանքները՝ հանգեցրին Ադրբեջանի իշխանությունների մոտ անենաթողության զգացողության, և արդյունքում՝ 2016-ի ողբերգությանը: Երեկվա հայտարարությունը փաստում է, որ համանախագահներն իրենց բաժին դասերը չեն քաղել ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձություններից, հակառակ դեպքում բանակցային գործընթացի մոտեցումներում առկա քաղաքական և ձևաչափային մոտեցումների տարբերությունները չէին կարող հայտարարության մեջ նույն նժարին դրվել ռազմական գործողությունների վերսկսման պատրաստակամության հետ, և իհարկե չէին կարող հայտարարությունից դուրս մնալ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածություններին հղումներն ու դրանց անվերապահ իրագործման անհրաժեշտության ամրագրումը: Համանախագահները կրկին անգամ Ադրբեջանին ամենաթողության ուղերձ են հղում…և վստահ եղեք, մեծ հաշվով, չկա տարբերություն դա արվում է գիտակցված – թե ոչ այնքան, արդյունքը դրանից էապես չի փոխվում՝ առնվազն սկզբնական ընկալումների, գործողությունների պլանավորման և մեկնարկի փուլերում…
Իսկ մենք ի՞նչ դասեր ենք քաղում, և քաղու՞մ ենք արդյոք այս իրավիճակից:
Հասկացե՞լ են արդյոք մեր իշխանությունները, որ
– բանակցային գործընթացի պատմությունն ուսումնասիրում, սերտում ու ընկալում են սեփական երկրում, առանց բարդույթավորվելու անդրադառնալով բոլոր նրբություններին և հարկ եղած դեպքում խորհրդակցելով գործընթացին անմիջական մասնակցություն ունեցած դերակատարների հետ, և ոչ երբեք երկրիդ պատերազմով սպառնացողի հետ,
– պոպուլիզմը, իրականության հետ որևէ աղերս չունեցող խոստումները, եթե ինչ որ սահմանափակ ժամանակ արդյունքներ կտան ու տալիս են ներքաղաքական գործընթացներում, անթույլատրելի են ու վտանգավոր արտաքին քաղաքականության ոլորտում,
– չի կարելի չունենալ գործողությունների, քայլերի, որոշումների, հայտարարությունների ռիսկերի գնահատման ինստիտուտ, և արդյունքում՝ մտածել քայլն անելուց ու խոսելուց հետո միայն, երբ ռիսկերը բազմապատկված են ու դարձած լուրջ մարտահրավերներ,
-նախաձեռնվող քայլերը, այն էլ այնպիսի լրջագույն տիրույթում, ինչպիսին Ղարաբաղյան կարգավորման գործընթացն է, պիտի մանրակրկիտ հաշվարկվեն, հիմնավորումներն անթերի լինեն և մինչև առաջին դեմքի կողմից կիրառվելը, հնարավորության շրջանակներում փորձարկվեն այլ մակարդակներով,
– մենք պարտավոր ենք մտածված, հիմնավոր ու հետևողական աշխատել համանախագահների հետ, այդ թվում՝ բոլոր հնարավոր և անհնար եղանակներով թույլ չտալով Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածությունների դուրս մղումը գործընթացից,
– անցյալ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձությունների հնարավոր դրական որևէ կապիտալիզացիան արտաքին աշխարհում և մասնավորապես Ղարաբաղյան գործընթացում պահանջում է խորքային, հանդարտ և հետևողական աշխատանք, և ոչ երբեք «դըմփ-դըմփ-հու» մեթոդաբանության կիրառում դրսում,
– սահմաններում լարվածության թուլացումը չի կարող և չպետք է միակողմանի ժամանակ ընձեռել Ադրբեջանին բարելավելու իր դիրքերի ամրությունը շփման գծում և քաղաքական դիրքավորումը բանակցային գործընթացում,
– հակամարտության պատճառները, պատերազմը ու բանակցային տարիների իրողություններն անտեսելով հնարավոր չէ անդրադառնալ հետևանքների խնդրին, այդ թվում խաղաղության նախապարաստման մշուշոտ ձևակերպումներին, այն դեպքում, երբ հակառակորդը չի հոգնում կրկնել՝ ուժն է ծնում իրավունք…
Այս շարքը կարելի է շարունակել…
Փորձեմ ամփոփել.
1. այլևս դառնում է անհնար բանակցություններն անվանել որևէ այլ կերպ, չի ստացվելու, համանախագահներն ազդարարեցին երկիմաստ փուլի ավարտը,
2. Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների չվերադարձնելը բանակցային առաջնահերթ օրակարգ – Ադրբեջանին խրախուսելու է ավելի մեծ ու ծանր արկածախնդրության,
3. ձգտելով վերականգնել Արցախի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին, որևէ կերպ չի կարելի թույլ տալ նույն հարցում նահանջ առկա վիճակից, համանախագահների հայտարարության վերջին պարբերությունը պարունակում է լրացուցիչ մարտահրավերներ այս հարցում,
4. բանակցային մեկնարկը դեմք պահելու խնդիր է ունենալու- հիշեք – առաջնայինը պետության դեմքն է, ՀՀ և Արցախի շահերն ու անվտանգությունը, և ոչ երբեք որևէ անձի դեմքը՝ ով էլ նա լինի…
Ժամանակն է սթափվելու և լրջանալու, ջանքերի համադրմամբ պետք է պայքարել կանխելու անցանկալի զարգացումները՝ բանակցային սեղանից մինչև սահմաններ…
Համարում եմ անլուրջ ու անիմաստ որևէ կերպ անդրադառնալը համանախագահների հայտարարության հետ կապված պաշտոնական արձագանքներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում