Երեխաների պաշտպանության միջազգային օրը կենդանաբանական այգին կազմակերպել է մի շարք անակնկալներ
Նմանատիպ
Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի կենդանաբանական այգին այցելուների համար կազմակերպել է մի շարք անակնկալներ:
Այգու փոքրիկ այցելուներին կդիմավորեն ծաղրածուները, կլինեն թատերական ներկայացումներ, երգ ու պար, խաղ-մրցույթներ և մանկական համերգ՝ տարբեր երաժշտական խմբերի ու մանկական համույթների մասնակցությամբ:
Տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի առավոտյան ժամը 10:00-ին և կավարտվի ժամը 18:00-ին: Կենդանաբանական այգին իր այցելուներին կներկայանա նոր կենդանատեսակներով’ պավիան համադրիլների նոր ընտանիքով և այդքան շատ սպասված սավաննայի վագրաձիով (զեբր):
Նույն օրը տեղի կունենա պտավոր բորենու նոր, ընդարձակ, Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի (EAZA) չափանիշներին համապատասխանող ազատավանդակի պաշտոնական բացման արարողությունը, որի կառուցմանը աջակցել է HSBC Բանկ Հայաստան նախկին տնօրեն տիկին Ասթրիդ Քլիֆորդը:
Երևանի կենդաբանական այգու տաղավարում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու այգու «Զու» մանկական ամսագրին, կենդանիների խնամակալության ծրագրին, ինչպես նաև այգու այլ նորություններին: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տաղավարում այգու փոքրիկ այցելուները կմասնակցեն տարաբնույթ խաղ-մրցույթների, իսկ հաղթողները կարժանան խրախուսական մրցանակների:
Հունիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգու մինչև 16 տարեկան բոլոր այցելուների մուտքը կլինի անվճար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում