Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժումը վերսկսվել է. ՈՒՂԻՂ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժումը վերսկսվել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասաց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:
«Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների, Հայկ Մարությանի, ավագանու անդամների հետ մենք քննարկեցինք Ազատության հրապարակի սրճարանների ապամոնտաժման հարցը: Կարծում եմ, որ այստեղի սրճարանները գերշահույթներ են ստանում և որևէ սեփականատեր խնդիր չունի ընտանիք պահելու: Մենք թույլ ենք տվել, որպեսզի իրենք շարունակեն իրենց գործունեությունը տարածքի աղեղնաձև հատվածի աջ կողմում: Մենք հաստատակամ ենք և ցանկանում ենք վերականգնել կանաչապատ տարածքները»,– նշեց Մնացականյանը և հավելեց, որ հեղափոխությունից հետո փորձում են ստեղծել իրավական երկիր ու այս հարցում շատ են կարևորում քաղաքացիների աջակցությունը:
Հարցին, թե մի շարք աշխատակիցներ կմնան անգործ՝ Մնացականյանը պատասխանեց, որ աշխատակիցներին նոր աշխատատեղով ապահովելու համար այսօր Ազատության հրապարակում սեղան է դրվել և առաջարկվել է, որ աշխատակիցները մոտենան այնտեղ ու տվյալներ թողնեն, որպեսզի նրանց հնարավոր լինի այլ սրճարաններում աշխատանքի տեղավորել:
«Տասնյակ մարդու հնարավորություն կա աշխատանքի տեղավորել: Կասկադի և Սարյան փողոցի սրճարանների սեփականատերերը մեզ մոտեցան, ասացին, որ սեզոնը բացվում է ու տասնյակ աշխատատեղեր ունեն: Ոչ մեկ սեղանին չմոտեցավ»,- նշեց Մնացականյանը և հավելեց, որ իրենք չեն քանդում, այդ գործողությունները կոչվում են բարեկարգում:
Սրճարանների ապամոնտաժումը սկսվել է մարտի 13-ից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում