«Անկախության շրջանում Հայաստանում ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «ողբի»

«Անկախության շրջանում Հայաստանում ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «ողբի»

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, Irates.am: «Իրատեսի» հյուրը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի գիտխորհրդի անդամ, բանասիրության դոկտոր, գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆՆ է:

Նրա հետ մեր նախորդ հարցազրույցից անցել է տասը տարի, բայց այն ժամանակ արծարծած մեր թեմաները այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը, մի բան, որ ցավալի իրողություն է:

Ինչևէ, այսօրվա և մեկ տասնամյակ առաջ ունեցած մտահոգությունները ի մի բերելու նկատառումով է, որ կրկին զրույցի ենք հրավիրել մեծ վաստակի և կենսափորձի տեր մտավորականին:

– Պարոն Մուշեղյան, տասը տարի առաջ զրուցել ենք Մարտի 1-ի ցավալի ու խայտառակ իրողության մասին: Այն մինչ օրս էլ շղարշված է բազում առեղծվածների քողով: Հույս ունե՞ք, որ այդ գործի՝ վերստին ակտիվացած քննությունը, ի վերջո, կպարզաբանի արյունոտ գարնանամուտի բոլոր մանրամասները:

– Այո՛, ես լիահույս եմ, որովհետև անցած ամիսներին ԱԱԾ-ի և հատուկ քննության ջանքերով բացահայտվեցին այնպիսի արտառոց փաստեր, ինչպիսին է, օրինակ, նախկին կարևորագույն գործերով քննիչ Վահագն Հարությունյանի կողմից թույլ տրված զինվորական ինքնաձիգների 1000-ից ավելի պարկուճների փոխարինումը ոստիկանական տաբելային զենքի պարկուճներով, որի նպատակն է թաքցնել Արցախի սահմանին հերթապահող զինվորական գնդերի փոխադրումը Երևան: Սա մի հանգամանք է, որ չէր կարող իրագործվել առանց գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի հրամանի:

– «98-ից հետո սկսված շրջանում, որ ընդունված է համարել լավագույն տարիներ, մենք ունեցանք խորհրդանշական մի «բնակարան», որտեղ մի սենյակում մարդիկ ապրում էին ողորմելի պայմաններում, կարիքի ու չարիքի մեջ, իսկ մյուս սենյակում հրճվանք էր ու խրախճանք»: Սա քաղվածք է մեր նախորդ հարցազրուցից: Այսօր Ձեր նկարագրած իրավիճակը փոխվե՞լ է, թե՞ խնդիրներն ավելի են խորացել:

– Այն ժամանակ՝ տասը տարի առաջ, մեր հարցազրույցում ես ասել էի նաև, որ այդ բնակարանի ճակատին պետք էր գրել «խնջույք ժանտախտի պահին»: Ինչպե՞ս կարող էր երկրի ղեկավարը արտասահմանյան բանկերից երկրի զարգացման համար ստացված բոլոր վարկերը, որոնց տոկոսների վճարումը ընկնելու է մեր հաջորդ սերունդների ուսերին, ներդնել միայն Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման վրա, որի բացման ժապավենը կտրելու ժամանակ նախագահ Քոչարյանը բառացի հայտարարում էր. «Այստեղ բնակվողը իրեն պետք է հարուստ համարի»: Կարծես դրանով «մուշտարի» էր հավաքում: Մինչդեռ աղետի գոտում, չնայած բազմաթիվ խոստումներին, շարունակում են գոյատևել հազարավոր վագոն-տնակներ: Իհարկե, այդ տնակների՝ մինչև հիմա գոյատևման պատճառը նաև այն է, որ նորակառույց բնակարան փոխադրվողները նույն այդ կիսավեր տնակները փոխանցում են շրջակա գյուղերից եկած ընտանիքներին: Ես 1960-1970-ական թվականներին եղել եմ Հայաստանի կույրերի միավորման նախագահը: Չտեսնողների և տեսնողների աշխատանքից ստացած եկամուտների խնայողության հաշվին կառուցել եմ շուրջ քառասուն բնակելի և արտադրական շենք, դպրոցներ, մշակույթի տներ, Աջափնյակի ակնաբուժական կենտրոնը: Այդ շենքերից տասը կառուցվել են Վանաձորում և Գյումրիում, և դրանք ոչ մի վնաս չեն կրել երկրաշարժի ժամանակ, որովհետև եղած տիպային նախագծերը վերահաշվարկում էինք պարտադիր կերպով՝ համապատասխանեցնելով սեյսմիկ գոտու բալերին: Անցած մի քանի տարում Հայաստանում շինարարությունը կտրուկ նվազել է՝ նախ և առաջ Հայաստանի կուտակած միլիարդավոր դոլարի պարտքերի պատճառով: Եվ հենց սա էլ հասցրեց ժողովրդի հեղափոխական ընդվզման: Դա հենց ընդհանուր վիճակի ծայրահեղ վատթարացման հետևանքն է:

– Դուք բազմաթիվ լրջագույն աշխատությունների հեղինակ եք, հայրենի գիտությանն անուրանալի ծառայություններ մատուցած և մատուցող մասնագետ: Հայաստանի նորօրյա իշխանությունների կողմից զգացե՞լ եք հետաքրքրություն Ձեր գործի և անձի հանդեպ:

– 2016 և 2018 թվականներին ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն երկու անգամ հայտարարեց բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների վերջին տասը տարում հրատարակած աշխատությունների մրցույթ: Իմ ներկայացրած ուսումնասիրություններում ես անդրադարձել եմ հայ ժողովրդի պատմության ավելի քան 3000 տարվա հիմնախնդիրներին, ուսումնասիրել եմ համապատասխանաբար միջնադարյան և անտիկ շրջանի բազմաթիվ սկզբնաղբյուրներ՝ իրենց բազմալեզու բնագրերով, որի համար պահանջվել են ոչ միայն լատիներենի, հին հունարենի և պահլավերենի իմացություն, այլև հին արևելքի լեզուների (բաբելոներեն, աքքադերեն, ուրարտերեն և այլն) հիմնավոր գիտելիքներ: Բերեմ մեկ-երկու օրինակ. հայ գրերի գյուտի 1600-ամյակի առթիվ կայացած միջազգային գիտաժողովի նյութերի ակադեմիական ժողովածուում 2006 թվին հրատարակեցի «Մեսրոպ Մաշտոցը և նախամաշտոցյան հայ գիրը» ուսումնասիրությունը, որտեղ առաջին անգամ ցույց եմ տվել, որ Մեսրոպ Մաշտոցը ոչ թե 22 հունարեն, 7 ասորերեն տառ ձևափոխելով և 7 ձայնավոր ու կիսաձայն տառեր իրենից հորինելով է ստեղծել հայոց այբուբենը, ինչպես մինչև հիմա տասնյակ հատորներով գրել և ապացուցել են մեր մեծ լեզվաբաններն ու հին գրչության մասնագետները, այլ Սահակ Պարթևի հետ որոնել և հին հեթանոսական դպրությանց մատյաններից վերականգնել է նախաքրիստոնեական շրջանի հայոց այբուբենը, և այդ ցույց տալու համար հրատարակել եմ այնպիսի վիմագիր արձանագրություններ, որոնք չկան նույնիսկ համաշխարհային այբուբեններին նվիրված պալեոգրաֆիական ձեռնարկներում: Սակայն գիտության պետական կոմիտեի հանձնաժողովը այն գնահատել է 0,1 միավոր:

2008 թվին գերմաներենից թարգմանել և ծանոթագրություններով հրապարակել եմ «Արմին Թեոֆիլ Վեգների Բաց նամակը Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիդենտ Վուդրո Վիլսոնին», որը լույս է տեսել 7 եվրոպական լեզուներով և հայերեն «Կտակ անապատում» վերնագրով հետևյալ գրքում՝ Armin T.Wegner: Bildnis einer Stimme, Radaktion: Ulrich Klan und Christoph Haacker, Wuppertal. 2008, որը գնահատվել է 0,1 միավոր: Գյոթինգենի համալսարանի ավետարանչական պրոֆեսոր Մարտին Թամկեն իր գերմաներեն դոկտորական ատենախոսության մեջ և այդ թեմայով հրատարակած գրքերում Թուրքիայում ցեղասպանությունը մերժելուց հետո այժմ էլ վարկաբեկել է Հայոց ցեղասպանության ամենաճանաչված ականատեսին՝ Արմին Թեոֆիլ Վեգներին, որի վերաբերյալ երկու տարբեր ուսումնասիրություն եմ հրապարակել ԳԱԱ «Լրաբեր» ամսագրում (2010 թ.) և «ՎԷՄ» համահայկական հանդեսում (2010 թ.). երկուսն էլ արժանացել են Գիտության կոմիտեի զրոյական գնահատականի՝ 0,15 միավոր (երևի Թուրքիայի գիտական շրջանները շատ ավելի բարձր կգնահատեին՝ գոնե գերմանացի պրոֆեսորի հետազոտությանը իրենց ծանոթացնելու իմ չարչարանքի համար: Էլ չեմ խոսում նրանց առաջադեմ գործիչների մասին):

«Մովսես Խորենացու դարը» մենագրությունս 2008 թվին Նյու-Յորքում արժանացավ առաջին կարգի մրցանակի, և հատկացվեց 15000 դոլար՝ անգլերեն թարգմանելու ու հրատարակելու համար, որի 1500 օրինակները պետք է բաժանվեին ամերիկյան և եվրոպական գրադարաններին: 2009 թվականին այդ մենագրության համար Քեմբրիջի (Անգլիա) Միջազգային կենսագրական կենտրոնը (International Biographical Centre, Cambridge, England) ինձ հայտարարեց «2009 թվականի Առաջատար գիտնական» («Leading Professionals of the World 2009»): Ինչպե՞ս կարող է այդպիսի հազվագյուտ մենագրությունը գնահատվել 5,15 միավոր՝ առանց հաշվի առնելու նրանում օգտագործված հարյուրավոր հնագույն աղբյուրները, և այն հավասարեցնել որևէ ժամանակակից գրական գեղարվեստական երկ վերապատմելուն: Կարո՞ղ են գիտության կոմիտեն և նախարար Արայիկ Հարությունյանը իրենց երկու մրցույթներում հաղթած 200 գիտնականների մեջ ցույց տալ գոնե մեկին, որը միջազգային ասպարեզում նման պատվի է արժանացել: Իմ ուսումնասիրություններին տրված այս զրոյական միավորները ոչ թե իմ աշխատանքի և արդյունավետության գնահատականն են, այլ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի դրսևորած վերաբերմունքի և արհամարհանքի գնահատականը ճշմարիտ գիտության և գիտական բարեխղճության նկատմամբ:

– Հեղինակել եք «Խորենացին և 5-րդ դարը» ուսումնասիրությունը: Նորօրյա հայացքով ինչպե՞ս կարժևորեք Պատմահոր «Ողբը»:

– Անկախության շրջանում Հայաստանում տիրող ավերածության, աշխատազուրկ ժողովրդի չարքաշ գոյության և միաժամանակ տիեզերական չափերի հասնող կողոպուտի պատճառով ձևավորված իրականությունը միանգամայն արժանի է խորենացիական «Ողբի»:

– Գիտական ոլորտի Ձեր երկերին բնորոշ ծանրակշռությանը հակադրվում է գեղարվեստական երկերի երգիծական-թեթև ոճը: Ստեղծագործական ո՞ր վիճակն է Ձեզ համար նախընտրելի:

– Ես չեմ կարծում, թե գեղարվեստական թեթև ոճը կարող է զուգորդվել գիտական լրջախոհության հետ: Իմ բազմաթիվ բանաստեղծություններում նույն խորությունն է և տգիտությունը հալածող սուր ծաղրանքը: Սայաթ-Նովան ասում է՝ «ղուրթըս էնդուր ճամփա չէ գնում՝ շատացիլ է խալխի սուտն»: Ես դրան հակառակ կարծում եմ.

Եվ ճիշտն ասած խնդիրը ողջ
Կայանում է լոկ այսքանում՝
Ամենքն են, որ ճշմարտություն
Ե՛վ տեսնում են, և՛ հասկանում:
Դրանից չէ, որ աշխարհում
Ճիշտը կաղում ու կասում է.
Ճշմարտություն ասողն է լոկ,
Որ մեզ կյանքում պակասում է:

– Ինչո՞վ է զբաղված Ձեր միտքը ներկայում. նկատի ունեմ, իհարկե, գիտական, ստեղծագործական աշխատանքի տիրույթը:

– Մատենադարանի հիմնադիր տնօրեն, վաստակաշատ հայագետ Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովում ցանկացա ներկայացնել հոբելյարին արժանի մի բացառիկ թեմա՝ «Նախամաշտոցյան (նախագրային) հայերենի գրեթե 4000-ամյա գոյությունը շումերական սեպագրերում»: Նախկինում ևս շումերների մասին զանազան անլուրջ հայտարարություններ եղել են՝ քաղված երրորդական աղբյուրներից կամ լավագույն դեպքում Հրաչյա Աճառյանի արմատական բառարանից: Իմ խոսքը վերաբերում է բուն շումերական սեպագրերին, որոնք պետություն են հիմնել Հայկական լեռնաշխարհից Միջագետք գաղթելուց հետո, և նրանց մոտ պահպանված հայերեն բառերը՝ բայ, ածական, գոյական և այլն, մնացել և պահպանվել են աքքադական և բաբելոնյան սեպագիր արձանագրություններում: Արդյունքում, առաջիկայում կհրապարակեմ մի քանի տասնյակ էջ կազմող աննախադեպ բացահայտումներ նախամաշտոցյան հայերենի զարմանալի և, կարող եմ ասել, ապշեցուցիչ նմուշների մասին: Ափսոսում եմ միայն, որ տիրող կողոպուտի վերջը չի երևում, որ երկրի կործանման գնով Պանամայի օֆշորներում կողոպտած միլիոնները թալանողներից առաջվա պես որևէ հույս չկա: Իսկ նոր հեղափոխությունը դեռ գիտության ոչ թե դահլիճներ, այլ նույնիսկ նախասրահ ոտք չի դրել: Դա ոչ միայն իմ կարծիքն է, այլև նույնիսկ բարձրագույն տեխնոլոգիաների կազմակերպությունների միավորման նախագահ Կարեն Վարդանյանի հետևությունը:

Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում