«Հանձնարարական կա՝ փչացնել ամեն ինչ, թքել անկախության շրջանի պատմության վրա»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Facebook: ՀՔԾ-ն արդեն հարցաքննել է Շիրխանյանին: Չգիտեմ հետո ինչ է անելու բայց, կարելի է միանշանակ պնդել, որ շուտով գործ է հարուցվելու նաև 1996թ. ընտրությունների կեղծման առիթով: Սա լավ է՞, թե՞ վատ:Շատերը ասում են լավ է: Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում իրականում: Դեռ ամիսներ առաջ գրել էի, որ «հերոս» բառի արժեզրկման գործընթաց է սկսվել: Այսինքն՝ ինչ որ պահից սկսած ասելու են «էս չե՞ն Ձեր հերոսները» և դա ասելու են անպայման, ասելու են քամահրանքով, ծիծաղելու են, ստորացնելու աստիճան ծաղրելու են, (հիմքերը պատրաստվում են), որովհետև հանձնարարական կա՝ փչացնել ամեն ինչ, թքել անկախության շրջանի պատմության վրա, ինչպես 70 տարի ծաղրում, կեղծում, թքում էին առաջին հանրապետության պատմության վրա: Սա ոչ թե տեղական, այսինքն՝ զուտ հայկական նախաձեռնություն է, այլ՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից պետականության տակ դրած «ռումբ» է:
Սկսեցին Մանվելից: Գեներալ Մանվելին պատժելու հազար ու մի պատճառ կար, բայց ընտրվեց ամենանողկալի, ամենաստորացուցիչ տարբերակը, իբր թե՝ էս չի՞ ձեր հերոսը, կանսերվա ու զինվորի ուտելիք է գողացել: Պարզ է, որ հետո դժվար էր լինելու դա ապացուցելը, բայց դոզան պետք էր պահպանել և անցան մյուս գերներալին՝ Արթուրին: Արթուրը, քանի որ Մանվելից կիրթ էր, չկարողացան գլխին սարքել, անցան Արցախի գեներալիտետին, հետո ձերբակալեցին Քոչարյանին, քրեական գործեր սկսեցին «կարել» Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Միքայել Հարությունյանի վրա ու եկան հասան Վազգենին:
Այն ինչ հիմա կատարվում է, իսկ դա կատարվում է Ջհանգիրյանի, Անդ. Քոչարյանի և Շիրխանյանի միջոցով, շատերին թվում է թե պարզ դիակապտություն է: Բայց երբ մի քիչ խորանում ես թեմայի մեջ, պարզ է դառնում, որ սա «հերոսին» (նկատի ունեմ բառը, տեսակը, գուցե նաև՝ հերոսների իստիտուտը) ոչնչացնելու ճանապարհին հերթական նախաձեռնությունն է: Թե Անդ. Քոչարյանը և թե Շիրխանյանը Վազգենին ատելու շատ ու շատ պատճառներ ունեն, դե իսկ Ջհանգիրյանին ո՞վ չգիտի: Վերջինիս մասին խոսելը, նրա վրա րոպեներ ծախսելը նույնիսկ ափսոս է: Բայց անդրադառնանք «հերոսին»: Հերոսներ բոլոր ազգերին և բոլոր ժամանակներում պետք են: Սերունդները դաստիարակվում են հերոսներով, նրանց կատարած սխրանքներով: Այնպես չէ, որ բոլոր ազգերի մոտ հերոսները սրբեր են եղել, բայց հանուն ներկա և ապագա սերնդի, ազգերին պետք են հերոսներ: Պատահական չէր, որ երկրորդ համաշխարհայինի տարիներին ստալինյան ռեժիմի հատուկ պատվերով Դեմիրճյանը գրեց «Վարդանանքը»:
Ի դեպ, իրանական պատմագիտության մեջ Վարդանանց պատերազմի մասին հիշատակումներ չկան: Սա կարծում եմ ինչ որ բան ձեզ կհուշի և այս թեմայով չեմ ծավալվի: Անդրադառնանք մեր ժամանակի հերոսներին: Նրանք կամ ձերբակալված են, կամ գտնում են փախուստի մեջ, կամ սպանված են: Եւ ահա, հասել ենք այն կետին, երբ արդեն պետք է ստորացնենք սպանված հերոսին: Հիմա Վազգենին երկրորդ անգամ են սպանում և չեմ զարմանա, որ մի օր պարզվի, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկիչները պորտալարով կապված են դրանց հետ: Մանավանդ նման կասկածների համար հիմքերն ավելի քան բավարար են: Եւ անկախ նրանից, թե ինչ կորոշի ՀՔԾ-ի Սասունը, ՀՔԾ- հաջորդ «Սասունը» անպայման այս հարցին անդրադառնալու է և անկախ նրանից, թե Շիրխանյանը քանի տարվա մեռել է, դա նրան չի փրկելու: Չեն փրկվելու նաև բոլոր սասունները: Իհարկե, դաժան է, որ այս եփած բորշի համար նրանց զավակներն ու հարազատներն են վատ զգալու, բայց դե ինչ արած, կյանք է: Բայց սա այն դեպքում, եթե պետականությունը պահպանվի և նորից «կարմիր բանակը» Իջևանից չմտնի Հայաստան: Իսկ մտնելու նախադրյալները օր օրի ավելի հիմնավոր են դառնում:
Տեսեք. 100 տարի առաջ նույն իրավիճակն էր: Համեմատեք և կհամոզվեք: Չնայած մեր ազգընտիրների մեծ մասը պատմություն չի կարդացել և դաստիրակվել է մի քանի թերթերի բանբասանքներով, բայց տառաճանաչները գիտեն թե ինչպես, առանց մեկ կրակոցի ընկավ Կարսը: Գիտեն թե ինչպես էին այն ժամանակ տարածաշրջանի ամենամարտունակ բանակում թռուցիկներ բաժանում, թե թուրքը մեր եղբայրն է և գալիս է մեզ հետ պայքարելու իմպերիալիստների դեմ: Ժամանակները փոխվեցին, մեթոդները՝ ոչ: Հիմա, այն ժամանակվա թռուցիկը՝ ֆեյսբուքն է, բանակում էլ, ոնց հասկանում ենք վերջին իրադարձություններից, վիճակը բարևոք չէ: Մեղրիի դեպքը լավագույն օրինակն է և ձնծաղիկը: Նրանք, ովքեր խոսում են սպասվող պատերազմից, պետք է զգուշանան պատերազմը մեր տուն բերող երևույթներից: Պատերազմը մեր դռանը կչոքի այն ժամանակ, երբ օտարերկրյա գործակալներին ծառայողները, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը Սպահանում ակնարկեց, իրենց սև գործը վերջացրած կլինեն՝ հերոսները անարգված, բանակը թուլացած, երկիրը բզկտված: Ինչ վերաբերում է 96-ի հետընտրական զարգացումներին, թող բացեն: Կբացեն գործը ու կտեսնեն, որ եթե Վազգեն Մանուկյանը այն ժամանակ սթափ չվերլուծեր վիճակը, հետ չքաշվեր և, եթե ժողովրդին առաջնորդեր մինչև վերջ, մարտի 1-ը խաղ ու պար կլիներ 96-ի հետ համեմատած: Թող բացեն ու տեսնեն, թե ռազմական, իրական ռազմական դրությունը ինչ է, և ոնց է եղել: Չեք մոռացել չէ՞ «Արշալույսգեյթը». «Եթե պետք է մի 800 հոգի էլ կսպանեինք». Վանո Սիրադեղյանն էր ասել: Հա, ի դեպ, ոնց որ թե Վանոյի Հայաստան վերադառնալը նորից հետաձգվի: Բա հո չի գալու նորից քրեական գործերի մեջ ընկնի: Լավ չի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում