Էլիտար սերմերը ծիլ չեն տալիս

Գյուղնախարարության բաժանած էլիտար սերմերը ծիլ չեն տալիս, սակայն նախարարության պատասխանատուները նման պնդումների հետ համաձայն չեն։ Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Մինչ վերջիններս իրենցն են պնդում, գյուղացիները «լաց են լինում» եւ ընդգծում, որ ցանած էլիտար սերմերը չեն աճում։ Այս խնդիրը վերջերս Արագածոտնի մարզի բնակիչները «դրեցին» ԱԺ նախագահի առջեւ։ Բայց եւ այնպես, դեռեւս անցած տարվանից գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մեզ հետ զրույցում, երբ փաստեցինք, որ Հայանիստ գյուղում ցորենի էլիտար սերմերը չեն աճել, ասել էր, որ նման բան պնդողները գլուխները պատով են տալիս։ Այժմ, երբ խնդիրը հասել է ԱԺ նախագահին, նախարարից փորձեցինք ճշտել՝ էլիտար սերմեր իսկապե՞ս չեն աճում, եւ ճի՞շտ են գյուղացիների պնդումները, թե իրենց անորակ սերմեր են բաժանվել։

Հեքիաթ եք պատմում։

Հեքիաթ չէ, պարոն նախարար։ Արագածոտնի մարզի բնակիչները ԱԺ նախագահին դժգոհեցին, որ բաժանված էլիտար սերմերը չեն ծլում։

Դուք 2011թ. բան եք ասում։

2011-ի բան չէ. Խոսքն այս տարվա մայիս ամսվա մասին է։

Է, հետո՞։

Հետո այն, որ Արագածոտնի մարզի հողագործերն ԱԺ նախագահին դժգոհեցին, որ էլիտար սերմերը չեն աճում։

Մենք այդ մասին խոսել ենք, եւ ես պատասխանել եմ Ձեզ։ Հարկ չեմ համարում նորից դրա շուրջ խոսել։

Այն ժամանակ Դուք ասացիք՝ «Նման բան ասողները գլուխները պատով են տալիս»։

Մեր այս վերջին հարցը նախարարը թողեց անպատասխան…»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում