Սուրեն Խաչատրյանը քնած չի՞ եղել

«Ժամանակ»-ում կարդում ենք. «Գորիսում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Բուդաղյան եղբայրների և Սուրեն Խաչատրյանի միջև հարաբերությունների լարվածությունն ունի տարիների պատմություն: Հինգ տարի առաջ, երբ Ավո Բուդաղյանը որոշել է Գորիսում առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու, Սուրեն Խաչատրյանն ընդդիմացել է՝ ասելով, որ ինքն է Գորիսի տեր ու տնօրենը: Սակայն, Բուդաղյան եղբայրները չեն նահանջել:

Հունիսի 1-ին Գորիսի հայտնի Սդղի լճում կազմակերպված կերուխումին մասնակցել է Բուդաղյան եղբայրներից Ավոն: Նրա կենացը մի քանի անգամ խմել են, խրախուսել, բարձր գնահատել, ինչը դուր չի եկել քավորին (Սուրեն Խաչատրյանի և Բուդաղյան եղբայրների միջև կա քավոր-սանիկ կապ)՝Սուրեն Խաչատրյանին: Կերուխումից հետո քավորը որոշել է սանիկին տուն տանել: Ճանապարհին, ըստ շրջանառվող լուրերի, Ս. Խաչատրյանը հայհոյել է Ա. Բուդաղյանին: Վերջինս էլ տուն գնալու փոխարեն գնացել է կատարվածը եղբորը պատմելու: Երկու եղբայր որոշել են գնալ Ս. Խաչատրյանի տուն՝ պարզաբանելու և «հաշիվներ մաքրելու»: Երբ Ս. Խաչատրյանն իջել է, սկսվել են կրակոցներ:

Ըստ գորիսեցիների շրջանում տարածված լուրերի՝ առաջինը Սուրեն Խաչատրյանի մերձավորներն են կրակել, իսկ ինքը՝ Ս. Խաչատրյանը, ոչ թե քնած է եղել, ինչպես նշել է ոստիկանությունում, այլ անձամբ իջել է և դիմավորել Բուդաղյան եղբայրներին: Բուդաղյան եղբայրների մասին Գորիսում տարբեր կարծիքներ են շրջանառվում: Ասում են, որ նրանք վերջին տարիներին որոշ անկախություն են ձեռք բերել քավորից, սկսել են սեփական բիզնեսն առաջ տանել, շինարարական և այլ աշխատանքներ իրականացնել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում