Օգոստոսին «Սևան» միջազգային երաժշտական փառատոնը կրկին կհամախմբի երաժիշտներին և երաժշտասերներին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Aravot.am: Արդեն 5-րդ տարին է, ինչ մարզային փառատոների շարքում իր հաստատուն տեղն ունի «Սևան» միջազգային երաժշտական փառատոնը: «Սևան» երաժշտական փառատոնը, որի կազմակերպիչը «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն է, առաջին անգամ անցկացվել է 2015թ-ին Սևանի թերակղզում: 2016թ-ին այն կրկին անցկացվեց թերակղզում` ընդլայնելով մասնակիցների աշխարհագրությունը: 2017թ-ին սևանյան ալիքը հասավ և հանգրվանեց թիվ 1 հանրային լողափում: Անցած տարի փառատոնն անցկացվեց երկու օր, և լճափն ու Սևան քաղաքը վայելեցին երաժշտական այն հրավառությունը, որ պարգևեցին հանրապետության և արտերկրի տարբեր խմբեր:
Փառատոնի նպատակն է` երաժշտության շուրջ միավորել Հայաստանի տարբեր մարզերում ապրող և ստեղծագործող երիտասարդներին, մեր երկրի սահմաններից դուրս ապրող հայ և օտարերկրացի երաժիշտներին, նրանց տրամադրել բեմ, դուրս գալ ստանդարտներից, մատուցել բարձրաճաշակ երաժշտություն, հանդիսատեսի համար ապահովել լավագույն ժամանց:
Ինչպես նշում է «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ, փառատոնի կազմակերպիչներից Գոհար Մնացականյանը, փետրվար ամսից ընդունվում են այս տարվա փառատոնի հայտերը: Արդեն երեք տասնյակ խմբեր հանրապետությունից, Արցախից և արտերկրից ներկայացրել են իրենց հայտերը: «Հայտերի ընդունումը շարունակվելու է մինչև մայիսի 5-ը: Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, սակայն նախապատվությունը տրվելու է այն խմբերին, որոնք ներկայանալու են ռոքնռոլ և էթնո ժանրերում»,- ասում է Գոհարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում