Սվիտալսկի. Մարդիկ փողոցներում բոլոր իրավունքներն ունեն անհամբեր լինելու, արդյունքներ պահանջելու

Սվիտալսկի. Մարդիկ փողոցներում բոլոր իրավունքներն ունեն անհամբեր լինելու, արդյունքներ պահանջելու

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: «Մարդու իրավունքների հարցով հանրային լսումները կարևոր նշանակություն ունեն երկրում ժողովրդավարական մշակույթը խթանելու համար։ ԵՄ համար մարդու իրավունքների քննարկումների ընդգրկունությունը առաջնահերթություն է»,- այսօր այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների հարցով հանրային լսումների ժամանակ, որին ներկա են նախարարներ, դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մարդու իրավունքների պաշտպաններ։

Սվիտալսկին նշեց, որ մարդու իրավունքների հարցը ՀՀ-ԵՄ օրակարգի առաջնային հարցերից է, ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են միասնական արժեքների վրա, որի կարևոր բաղադրիչն է մարդու իրավունքները։

«Այս քննարկման մեջ կա նաև պրակտիկ արժեք, քանի որ հաջորդ շաբաթ Բրյուսելում մենք ունենալու ենք տարեկան քննարկում մարդու իրավունքների երկխոսություն մեր հայ գործընկերների հետ»,-ասաց Սվիտալսկին։

Սվիտալսկին նշեց, որ նախորդ տարվա իրադարձությունները հիմք են նաև քննարկումների համար և նոր դիտանկյունից են նայում մարդու իրավունքների օրակարգին։ Սակայն սա չի նշանակում, որ խնդիրները վերացել են, քանի որ անգամ ամենաժողովրդավարական հասարակություններում մենք կատարյալ չենք, ունենք մշտական մարտահրավեր՝ պատասխանելու մարդու իրավունքների խնդիրներին ու հարցերին։

Դեսպանը նշեց, որ հաջորդ շաբաթ կդիտարկեն, թե ինչպես է մարդու իրավունքների օրակարգն առաջընթաց արձանագրել։

«12 ամիսը կարող է կարճ ժամանակ թվալ, բայց մարդիկ փողոցներում բոլոր իրավունքներն ունեն անհամբեր լինելու, ունեն իրավունք՝ պահանջելու արդյունքներ, սպասել փոփոխություններ»,- ասաց Սվիտալսկին, նշելով, որ շատ դեպքերում այս փոփոխությունները տեղի են ունենում, սակայն խնդիրները մնում են, մասնավորապես դատական բարեփոխումները, որը ԵՄ-ի համար ՀՀ-ի հետ երկխոսության ողնաշարն է։

Սվիտալսկին նշեց 3 կարևոր ուղղություններ. գենդերային հավասարություն, մասնավորապես Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունմանը, Ստամբուլի կոնվենցիային, որը ՀՀ-ն ստորագրել է, բայց դեռևս չի վավերացրել։ Երկորդ կարևոր ուղղությունը, որը առաջնային է ԵՄ համար, խտրականության դեմ պայքարն է։

«ԵՄ փիլիսոփայությունը հիմնված է շատ պարզ ճշմարտության վրա՝ չեն կարող լինել երկրորդ դասի քաղաքացիներ եվրոպական հասարակություններում։ Հանդուրժել՝ չի նշանակում սիրել, բայց նշանակում է ընդունել, որ մարդիկ տարբեր են»,-ասաց Սվիտալսկին, հույս հայտնելով, որ Հայաստանն առաջընթաց կարձանագրի այս ոլորտում։

Երրորդ կարևոր խնդիրը, ըստ դեսպանի, աշխատանքային ու սոցիալական իրավունքներն են։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում