Թող ինքն իր պանյատյաները, օրենքները չբերի բանեցնի երկրի վրա. Լ. Ալավերդյանը` Ս. Խաչատրյանին

«Մենք պետք է կոչ անենք, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական տա, իսկ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունի այն»,-Aysor.am-ի փոխանցմամբ այս  մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ 1988 թ-ից մինչև այսօր իշխանության կազմում նույն երեք կարկառուն դեմքերն են, եթե կա միտում այդ թիմում փոփոխություների՝ մենք պետք է տեսնեինք այդ փոփոխությունները:

«1993 թ. ժողովուրդը բարձր գաղափարներով էր համակված, և հիշում եմ, թե ինչպես էր ազգի սերուցքը ընդգրկված ազգային-ազատագրական պայքարի մեջ: Քսան տարի է անցել այդ ժամանակվանից, կամ մեր քաղաքական վերնախավը ունակ չէր այդ վերելքը օգտագործել հօգուտ իրավական պետության կայացմանը, կամ չեն ուզում անել, կամ ուղղակի օրինազանց են: Գործող նախագահը նոր հիմքեր չի դրել, այլ շարունակում է այս նույն տխուր մեթոդները, մոտեցումները, ընկերական հարաբերություններին զոհ լինելը, չի կարելի զոհաբերել մի ողջ ազգ ընկերական հարաբերությունների»,-ասել է նա: Լ. Ալավերդյանի խոսքով՝ ինքը ՀՀ երեք նախագահներին էլ տեսել է իրենց աստեղային ժամերում, սակայն դա չի արդարացնում այն բացը, որ կա:

«Ինչո՞ւ ոչ, չունե՞նք նոր սերունդ, մենք ունենք նոր սերունդ, նոր ոգով դաստիարակված անձինքն են: Չի կարելի խրախուսական շքանշան տալ այն անձին, որը կրիմինալ հարցերում է խառնված: Գյումրին դարձրել ենք Չիկագո: Եթե տղամարդիկ դժվարանում են, թույլ տվեք դա անեն կանայք, ընկերական հարաբերությունները դարձել են ծուղակ: Այսօր իշխանությունն իրեն վտանգում է նման շրջապատով: Մարդը կնոջ վրա ձեռք բարձրացնելուց հետո խրախուսվել է «Մարտական խաչ» շքանշանով»,-ասել է նա:

Մեկ այլ աղբյուր` Aravot.am-ը նշում է, որ ասուլիսին ներկա Ահարոն Ադիբեկյանն անդրադառնալով Սուրեն Խաչատրյանի հետ կապված դեպքերին ասել  է. «Կատարվածը պատերազմ տեսած զինվորի հոգեբանություն է, բայց զարմանալի է, որ տղան է միջամտել»:

«Մենք չպետք է բացատրող հանգամանքներ փնտրենք: Օրենքն է ամեն ինչ տեղը դնում: Եկեք մեր երկիրը հատուկ բացասական հակվածություն ունեցող տղամարդկային հակվածությունների երկիր չդարձնենք: Թող ինքն իր պանյատյաները, օրենքները չբերի բանեցնի երկրի վրա: Չի կարող, թող երկրից դուրս գա և ապրի սարի օրենքով: Սարերի օրենքով անձնավորությունը պիտի հեռու պահվի ցանկացած պաշտոնից»,- միջամտել է Լ. Ալավերդյանը:

Ի պատասխան Ա. Ադիբեկյանն ասել է. «Ուղղակի մենք չորս հազար տարվա քաղաքակրթություն ունենք սարերում ձևավորված»:

Նա նաև նշել է, որ Սերժ Սարգսյանին մոտիկից է ճանաչում, և հետազոտելով նրա 15 տարվա գործունեությունը կարող է ասել, որ նա պրագմատիկ է և որդեգրել է Պուտինի քաղաքականությունը, այն է՝ մոռանանք ինչ է եղել և փորձենք հասկանալ, թե հետագայում ուր ենք գնում:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում