Նիսի Սբ Մարիամ աստվածածին եկեղեցին իր ծուխով վերադառնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո

Նիսի Սբ Մարիամ աստվածածին եկեղեցին իր ծուխով վերադառնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո

7 տարվա պաշտոնական բաժանումից և Թեմական խորհրդի հետ 10 տարի տևած անհամաձայնություններից հետո Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանը ուրախությամբ հայտարարում է, որ Նիսի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու ծուխը վերընդգրկվեց Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի հայոց թեմի կազմում՝ օրհնության ներքո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:

Հաշտության պատմական օրը ֆրանսահայոց թեմի կյանքում նշանավորվեցին ապրիլ 14-ին Ծաղկազարդի օրը Ֆրանսիայի հայոց թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ կատարված Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու խորանի վերաօծման և ապա մատուցված Սուրբ Պատարագի սրբազան արարողություններով:

Սուրբ Պատարագին ներկա էին ավելի քան 250 ծխականներ, ինչպես նաև` Նիսի քաղաքապետ տիար Քրիստիան Էստրոզին, փոխքաղաքապետուհի տիկին Մարին Բրենիեն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար տիար Աշոտ Թունյանը և պաշտոնատար այլ անձինք, հյուր եկեղեցականներ և եկեղեցու շրջափակում համախմբված լեփլեցուն ժողովուրդ:

Ծաղկազարդի տոնին նվիրված քարոզի մեջ Թեմակալ Առաջնորդ Վահան Եպիսկոպոսը գոհություն և փառք մատուցեց Աստծուն և խորհրդանշական համեմատությամբ շեշտեց, որ ինչպես Հիսուսը հոծ բազմությամբ մուտք գործեց Երուսաղեմ և մաքրագործեց տաճարը, այնպես էլ այսօր Նիսի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցին է սրբագործվում՝ վերադառնալով Մայր Եկեղեցի: Կարևորելով և մեծ ձեռքբերում համարելով այս իրադարձությունը՝ Սրբազանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ջանքերն ու ներդրում են բերել այս ծրագիրը կյանքի կոչելու համար: Սրբազան Հայրը նաև իր գնահատանքը փոխանցեց հավատացյալներին և Նիսի Սբ Ֆիլիպ եկեղեցու Ծխական խորհրդի անդամներին, ովքեր անցնող 10 տարիների ընթացքին հավատարիմ են մնացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, ֆրանսիահայոց թեմին և Թեմական խորհրդին:

Եկեղեցական արարողություններից հետո Նիսի քաղաքապետ տիար Քրիստիան Էստրոզին Գերշ. Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին պարգևատրեց Նիս քաղաքի պատվո շքանշանով՝ ի գնահատություն Ֆրանսիայի հայոց թեմի պայծառությանը բերած ջանքերի և ծառայության: Սրբազան արարողությունների ավարտին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը և ճաշկերույթին խոսքերով հանդես եկան նաև համայնքի պատվավոր անդամները, ովքեր իրենց սրտի ուրախությունն արտահայտեցին՝ Թեմի կազմում իրենց եկեղեցական համայնքի պաշտոնապես վերականգնման կապակցությամբ:

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում