Էկոնոմիկայի նախարար. Ներդրումները հոսում են այնտեղ, որտեղ առևտուր կա

«Հայոց աշխարհ»-ը զրուցել է Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հետ:
Դիտարկմանը, թե վերջին տարիներին ներդրումային միջավայրը Հայաստանում էապես բարելավվել է, բայց ներդրումների, հատկապես ուղղակի ներդրումների ծավալը գնալով կրճատվում է։ Այդ ֆենոմենն ինչո՞վ բացատրել, Վ. Ավանեսյանը պատասխանել է. «Դժվար է սպառիչ պատասխան տալ այդ հարցին։ Հայաստանում, ինչպեսև շատ այլ երկրներում, արտաքին ներդրումների ցուցանիշը բավականաչափ «տատանողական» է։ Նույնիսկ մեծ երկրներում է այդպես։ Շատ բան կախված է տնտեսության կառուցվածքից. Հայաստանում կար մի ժամանակահատված, երբ ուղղակի ներդրումներն էապես ավելանում էին, բայց դա կապված էր ոչ թե ներդրումային միջավայրի, այլ շինարարական նախագծերի հետ։ Այսինքն’ ներդրումների ծավալն ավելանում էր շինարարության հաշվին։ Երկրորդը հեռահաղորդակցության համակարգն էր, երրորդը՝ հանքագործությունը։ Հիմա այդ համակարգերը հասել են որոշակի մակարդակի, որից հետո մեծածավալ ներդրումներ չեն սպասվում: Ներդրումների ծավալը պայմանավորված է մի շարք այլ գործոններով, այդ թվում՝ այն հանգամանքով, թե առաջիկա տարիներին որ ճյուղերում կունենանք առևտրաշրջանառության էական աճ. ներդրումները հոսում են այնտեղ, որտեղ առևտուր կա»։

Հարցին, թե Կառավարության ծրագրում ամրագրված է, որ առաջիկա 5 տարիներին աշխատատեղերի թիվը հանրապետությունում պետք է ավելանա 100 հազարով, սակայն նախանշված չէ՝ որ ոլորտներում, սա չի՞ նշանակում, որ աշխատատեղերի ավելացման հանձնառությունը մնում է «օդում կախված», Վ. Ավանեսյանը պատասխանել է. «Մենք ունենք կանխատեսումներ, թե որ ոլորտում ինչ զարգացումներ են սպասվում, բայց այստեղ կոնկրետություն չի կարող լինել՝ այն աստիճանի, որ կարողանանք պլանավորել՝ այս ճյուղում այս գործարանը սարքվելու է այս հզորությամբ և այսքան աշխատատեղ է ունենալու։ Այդուհանդերձ առաջին անգամ է, որ կառավարությունն իր ծրագրում ամրագրում է զբաղվածության հարցը իբրև գերակայություն»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում