Շարժական սրճարանատերերի բողոքի ակցիան կառավարության դիմաց
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել շարժական սրճարանների ոլորտի ներկայացուցիչները: Մայրաքաղաքում գործող 47 շարժական սրճարանատերերը կառավարությունից պահանջում են անհապաղ լուծել իրենց ոլորտում առկա խնդիրները:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչությունն ու ՀԷՑ-ը շարժական առևտրով զբաղվող տնտեսվարողներին զրկել են էլեկտրականությունից, ինչի հետևանքով 100-ից ավելի մարդ մնացել է գործազուրկ:
«Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանը նշեց՝ կառավարությունից խնդրում են, որ սրճարաններին այլընտրանքային տարբերակ առաջարկեն:
«Պետք է ՀԷՑ-ին հորդորեն, որ ժամանակավորապես թույլտվություն տան, որպեսզի բոլոր 47 շրջիկ կետերը թույլտվություն ունենան աշխատելու, մինչ օրենքը կկարգավորվի»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ իրենք հանդիպել են ավագանու անդամների հետ և ոլորտի կարգավորման վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել:
Հիշեցնենք, որ ըստ Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ գույքագրվել են մայրաքաղաքում առկա շրջիկ առևտրի կետերը: Գույքագրման և համատեղ ստուգայցերից հետո առաջացել են հիմնավոր կասկածներ առ այն, որ շրջիկ առևտրի կետերն իրենց գործունեությունն իրականացնում են տեխնիկական անվտանգության և բնապահպանական նորմերի խախտմամբ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն արդեն իսկ ապամոնտաժել է անօրինական լարանցումները:
Երևանում շրջիկ առևտրի կետերի գործունեությունը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանը հանդես է եկել նաև օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ: Օրենքի ընդունումից հետո ավագանին կտա բոլոր չափորոշիչները և գոտիավորումը, ինչպես նաև ժամերը և օրերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում