«Շերեմետևո»-ում օդանավի հրդեհի ժամանակ 13 մարդ է զոհվել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ 13 մարդ է (2-ը՝ երեխա) զոհվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Աէրոֆլոտ»-ի օդանավի վթարային վայրէջքի և ծագած հրդեհի հետևանքով։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող Sukhoi Superjet 100 ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան և կոշտ վայրէջք է կատարել 28 րոպե թռիչքից հետո։ Վատ եղանակային պայմանների պատճառով օդաչուներն ինքնաթիռը կարողացել են նստեցնել միայն երկրորդ փորձից։ Վայրէջքի ժամանակ կոտրվել են օդանավի կանգնակները և հրդեհվել շարժիչները։
«Շերեմետևո»-ում պատմել են, որ ինքնաթիռն օդ է բարձրացել ապրիլի 5-ին, Մոսկվայի ժամանակով 18։02-ին (Երևանի ժամանակով՝ 19։02)-ին, իսկ վթարային վայրէջք կատարել՝ 18։30-ին։
Ուղևորներն օդանավը լքել են փչովի սանդուղքով։ Ինքնաթիռն ամբողջությամբ այրվել է։
ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի «Օդային տրանսպորտի երթևեկության և շահագործման կանոնների խախտումը, որն անզգուշությամբ առաջ է բերել երկու կամ ավելի անձանց մահը» հոդվածով։