Սամվել Ալեքսանյանը «քցել» է

Հրապարակի վերակառուցմանն առնչվող քննարկումները կարծես ստվերել են Փակ շուկայի թեման: Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Օրերս մեզ հայտնի դարձավ, որ Սամվել Ալեքսանյանը’ Լֆիկը, մի լավ «քցել» է պատկան մարմիններին: Պարզվում է, երբ նա գնել է շուկան եւ այնտեղ շինաշխատանքներ սկսել, խոստացել է, որ «մատով չի կպնի» պատմական հուշարձան հիշեցնող ոչ մի դեկորի, մինչդեռ այսօր ունենք լիովին քանդված, ավերված պատմամշակութային կառույց:

Ըստ մեր աղբյուրի, երբ աղմուկ է բարձրացել, ու լրատվամիջոցները, ճարտարապետները ներկայացրել են իրավիճակը, Լֆիկին «բերման են ենթարկել» ու պահանջել բացատրություն տալ: Իրեն քննադատողներին «սայթով տոպկող» Լֆիկն էլ, կարծում եք, «տա՞կն» է մնացել: Ոչ, շատ հետաքրքիր արդարացում է մոգոնել’ հայտարարելով, թե շինաշխատանքների ժամանակ կամարները քանդվել են: «Այ ցավդ տանեմ, փլվում են»,- իրեն բնորոշ հանգով ասել է կնոջ «հույսին» մնացած «անգործարար» պատգամավորը:

Եթե ամեն ինչից «սիթի» «քամող» Ալեքսանյանը հրաշալիորեն կարողացել է իր ուզածին հասնել, հարց է առաջանում. համապատասխան մարմիններն այդքան միամի՞տ են, որ կարծել են, թե քարեր շարժելուց ու լայն թափով շինարարություն սկսելուց հետո հին շենքի պատերը կդիմանան, ինչպես Լֆիկը կասեր’ չեն փլվի»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում