«Փարավոնում» ժամանած հաճախորդների համար նվազագույն գումարը 25.000 դոլարն է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր հսկայական «Փարավոն» զվարճանքի եւ խաղատնային կենտրոնը կառուցել է ոչ թե ներքին պահանջարկի, այլ դրսից հաճախորդներ ներգրավելու նպատակով: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Արդեն խոսակցություններ են շրջանառվում, որ նախատեսվում է Չինաստանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից հաճախորդների խմբեր բերել։

Ընդ որում, այդ խմբերը Հայաստանի այլ վայրեր չեն ժամանի, այլ օդանավակայանից միանգամից կտեղափոխվեն «Փարավոն», որտեղից նրանց կրկին օդանավակայան կտանեն: Մեր տեղեկություններով՝ այդ կենտրոնում գործում է մեկ այլ սկզբունք, այն է՝ արտերկրից ժամանող հաճախորդներից յուրաքանչյուրի համար որպես այցելության նվազագույն գումար սահմանվել է 25.000 դոլարը:

Անկախ այն հանգամանքից՝ «Փարավոնի» հաճախորդը խաղատանը կշահի, թե կպարտվի, նա արդեն այդ գումարը վճարել է: Այսինքն՝ դա կլինի խաղատանը հաճախորդի թողած նվազագույն գումարը, իհարկե, եթե նա գումար չշահի կամ ավելի մեծ գումար չպարտվի: Նման սկզբունք գործում է նաեւ այդ ոլորտում զարգացած բիզնես ունեցող շատ երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում: Իհարկե, այնտեղ շատ ավելի մեծ գումարների մասին է խոսքը: Կամ՝ մեր հարեւան Վրաստանում: Հայաստանում, ասում են, նման նախադեպ կիրառել է «Սենատոր» խաղատունը: Իսկ տվյալ պարագայում ՌԴ-ի կամ Չինաստանի խաղամոլներին Գ. Ծառուկյանի կառուցած զվարճանքի կենտրոնը կարող է ավելի ձեռնտու լինել, քանի որ սահմանված է այցելության համեմատաբար «էժան» նվազագույն գումար:

Ի դեպ, այդ 25.000 դոլարի մեջ են մտնում նաեւ այդ հաճախորդին իր երկրից մինչեւ «Փարավոն» տեղափոխելը, հյուրանոցային ծախսերը, սնունդը եւ տարատեսակ այլ զվարճանքներն ու հաճույքները: Եվ այդ բոլորը նույն՝ «Փարավոնի» տարածքում…»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում