Հայաստանը հրաժարվում է նախահարձակ չլինելու հանձնառությունից

Վերլուծելով Ազգային անվտանգության խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը, «Առավոտ»-ը գրել է. «3-4 տարուց տարածաշրջանում պատկերը լիովին փոխվելու է: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Փորձագետներն ադրբեջանական անխուսափելի ֆիասկոյին արդեն երկու-երեք տարուց են սպասում: Շարժվելով դասական բռնապետության կանոններով՝ այդ երկրի իշխանությունները զբաղված են միայն սեփական ժողովրդին հայկական թշնամու կերպարի հրամցմամբ, գարշահոտ պատկերացումներ տարածելով մեր մասին: Մինչդեռ հենց Ադրբեջանում դրված հասարակական-քաղաքական և տնտեսական ականներն են սպառնում պայթել և պայթել շատ արագ ու կարծես՝ միաժամանակ: Նավթի ու գազի արդյունահանման քրոնիկ անկման պայմաններում հարևան պետության իշխանությունները շարունակում են կուտակած միջոցները այնպես ծախսել, ինչպես չէին կարող ծրագրել անգամ նրանց հակառակորդները»:

Սա մեջբերում է Ազգային անվտանգության խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթից: Այստեղ աչքի է զարնում այն հանգամանքը, որ երկրի ղեկավարը տարածաշրջանում վերադասավորումների հստակ ժամկետ է նշում’ երեք-չորս տարի: «Տարածաշրջանի վերադասավորումներ» արտահայտությունը նոր բան չէ. փորձագիտական հանրույթն այս բառակապակցությունը բազմիցս կիրառել է’ նկարագրելու համար հետևանքներն այն գործընթացների, որոնք կարող են թելադրված լինել, օրինակ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումներով, սիրիական, թուրքական ու հավանական է նաև’ իրանական ներքին վայրիվերումներով, Ադրբեջանում էներգակիրների արդյունահանման ծավալների նվազմամբ, հայ-թուրքական հարաբերություններով և այլն:

Նախագահ Սարգսյանի խոսքում մանրամասնված չէր, թե հատկապես ի՞նչ գործընթացի արդյունքում է ակնկալվում անխուսափելի որակված վերադասավորումը: Բայց դատելով համոզված տոնայնությունից’ կարելի է ենթադրել, որ խոսքը Հայաստանի անմիջական մասնակցությամբ գործընթացների մասին է: Եվ եթե հաշվի ենք առնում հանգամանքը, որ հարցը բարձրացվել է Անվտանգության խորհրդի նիստում, կարելի է ենթադրել’ խոսքը պատերազմական գործողությունների մասին է: Ճիշտ է, երկրի ղեկավարը չխոսեց Ադրբեջանի հետ պատերազմի անխուսափելիության մասին, սակայն ակնհայտ է, որ հենց դրա մասին են նրա թափանցիկ ակնարկները: Անվտանգության խորհրդի ձևաչափով այլ բանի մասին, պարզապես, խոսք լինել չէր կարող:

Եթե նախագահի ելույթը դիտարկենք մի փոքր ավելի լայն համատեքստում, ապա նշված ենթադրությունն առավել հիմնավոր կդառնա: Մեկ ամիս առաջ’ մայիսյան տոնակատարությունների ժամանակ, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չէր բացառել, որ հայկական կողմը կարող է հակառակորդի ուժերի հանդեպ կանխարգելիչ հարված ձեռնարկել, եթե լինեն հակառակորդի ուժերի վտանգավոր կուտակումների մասին հավաստի տվյալներ: Սա նշանակում է, որ հայկական կողմն այդ պահից արդեն հրաժարվել է մինչ այդ իր’ պաշտոնապես հռչակված նախահարձակ չլինելու հանձնառությունից:

Նախարարի դիտարկումները վկայում են, որ հայկական կողմն, ակնհայտորեն, հրաժարվում է պատերազմի ադրբեջանական քարոզչությունը և հռետորաբանությունը անտեսելու նախորդ տաս տարիների իր քաղաքականությունից: Դա ուղղակիորեն երևում է նաև նախագահ Սարգսյանի ելույթից: Փաստորեն, հայկական կողմը հրապարակավ հայտարարեց, որ այլևս շատ լուրջ է ընդունում իր հանդեպ հարևան երկրից հնչեցված բոլոր սպառնալիքները: Ընդ որում’ Սերժ Սարգսյանն իր խոսքում հրապարակավ հայտնում է, որ հայկական կողմը ոչ միայն պատրաստ է համարժեքորեն պատասխանել ադրբեջանական մարտահրավերներին, այլև իր ժողովրդին է պատրաստում դրան:
Եթե սրան հավելենք Հայաստանի ռուսական ռազմակայանում «Իսկանդեր-Մ» տիպի հրթիռային կայանքներ տեղադրելու մասին լուրերը, ապա պատկերն ավելի տպավորիչ է դառնում. դրանց հեռահարությունը 500 կմ է, այսինքն’ Հայաստանից Բաքուն ուղղակի թիրախի տակ պահելու հնարավորություն կա:

Ներկայացված համատեքստում ավելի հասկանալի են դառնում Սերժ Սարգսյանի մյուս դիտարկումները ևս. «Մյուս կողմից գալիս են անթաքույց բռնապետության կամ բռնապետական ռեժիմի հետևանքները: Ընդդիմախոսների բանտարկելը, ազատ մամուլի գոյության մասին գրեթե տեղյակ չլինելը, հարկադրանքը, ահռելի կոռուպցիան կրկնակի ուժգնությամբ են հիշեցվելու այս երկրում նավթադոլարների նվազմանը զուգընթաց: Չեմ կարծում, թե որևէ մեկը դրանում կասկածում է: Եթե երկու տարի առաջ ադրբեջանցի երիտասարդները վախենում ու լռում էին, այսօր արդեն թեկուզ փոքր խմբերով, բայց արդեն քննարկում են, որ խոսք ասելու ժամանակը շուտով գալու է: Իսկ վաղը շատ մոտ է: Այն վաղը, երբ այս երկրում էլ սոցիալական ցանցերը ժողովրդի թշնամի են հռչակվելու: Ես ինչո՞ւ եմ անդրադառնում այս թեմային, որովհետև այդ երկրի իշխանությունները փոխանակ զբաղվեն սեփական պրոբլեմներով, սեփական ժողովրդի բարեկեցության խնդիրներով, սեփական հասարակության կառուցմամբ, կարծես թե լծվել են մեր դարդին դարման լինելու գործին, կարծես փորձում են մեզ խելք սովորեցնել, ինչպես ասացի, գարշահոտ պատկերացումներ տարածել մեր մասին»:

Ակնհայտ է, որ Հայաստանի նախագահը ոչ թե մտահոգված է Ադրբեջանում տիրող իրավիճակով ու մարդու իրավունքների սահմանափակումներով, այլ պարզապես առանձնացնում է այն հիմնական գործոններից մեկը, որն ապահովում է հայկական կողմի առավելությունը: Այստեղ էական երկու հանգամանք կա: Առաջինն այն է, որ նախագահ Սարգսյանի խոսքում տարածաշրջանի բացասական զարգացման պատրվակով ժողովրդավարական ազատությունները կաշկանդելու որևէ ակնարկ չկար: Դա կարևոր է, քանի որ դրական ընկալման մթնոլորտ է ստեղծում Հայաստանի շուրջ արտաքին աշխարհում: Իսկ երկրորդը, որ շատ ավելի կարևոր է, ժողովրդավարական հասարակության առավելություններն են: Դրանք առավել ճկուն են և մրցունակ: Պատմությունը դա է վկայում: Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների դինամիկան հիշեցնում է 20-րդ դարի երկրորդ կեսը: Մի կողմից այն կարելի է բնութագրել որպես «սառը պատերազմ»: Ու կարող է թվալ, որ Ադրբեջանը մոնոլիտ է, իսկ Հայաստանը ընտրություններով և ներքին վեճերով բզկտված երկիր: Սակայն իրականում Հայաստանում գերիշխող բազմակարծությունը Հայաստանի ճկունության և արագ արձագանքելու երաշխավորն է: Եթե հիշում եք, այդպես էր նաև մոտ հինգ տասնամյակ առաջ’ թվում էր, թե ԽՍՀՄ-ն անհաղթ բետոն-մոնոլիտ է, որի առջև կանգնած է իր ընտրություններով, սպանված ու պաշտոնազրկված նախագահներով բզկտված ԱՄՆ-ն: Սակայն գերտերությունների դիմակայության արդյունքները հստակ ցույց տվեցին, թե որ համակարգն էր ավելի կենսունակ:

Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում