Սերրգեյ Սարինյան
Նմանատիպ
«…Գրել եմ մոտ ութսուն գիրք: Եվ դրանցից գլխավորներն եմ համարում «Դժոխք և դրախտ»-ը՝ Ղարաբաղյան պատերազմի մասին, և «Հաղթելով մահին»՝ ԳՈՒԼԱԳ-ում ծնողներիս ողբերգական ճակատագրի մասին: Եղել եմ ԽՍՀՄժողովրդական պատգամավոր, և համագումարներում ու նստաշրջաններում իմ բոլոր ելույթները վերաբերել են բացառապես Նախիջևանի և Ղարաբաղի ճակատագրին»: Իր ազգանվեր գործունեությունն այսպես է ներկայացրել Զորի Բալայանը «Նախիջևանը ցեղասպանության զոհ է» հոդվածի վերջաբանում: Կենսագրական թռուցիկ այս հղումը, սակայն, սոսկ ձևույթ է՝ ընդգծելու համար Արցախյան ազատամարտի պատմության իմաստն ու հեռանկարի խորհուրդը՝ դիմադիր լինելու ցեղասպանության բարբարոս արշավին, որպեսզի չկրկնվի Նախիջևանի ճակատագիրը: Միանգամայն հասկանալի է ահազանգը Բալայանի խոսքում, քանզի ապազգայնացվել է բիբլիական մի երկրամաս, որտեղ հարյուրամյակների պատմություն էր կերտում բնիկ մի ժողովուրդ՝ իր կենցաղավարությունը զուգորդելով համաշխարհային քաղաքակրթության առաջընթացին:
Կասեն, թե պատմությունն ավարտված է, կորուստը՝ անվերադարձ, և ապարդյուն են սպասումի անակնկալները: Սակայն հարցի նորոգումն անհրաժեշտ է ոչ միայն Ղարաբաղի անկախության բարդ լուծմունքների տեսակետից, այլև ցեղասպանության և պատմական հայրենիքի ազգային գոյության հավերժական ձգտման առումով: Հարցի դրվածքն անհրաժեշտ է նաև բացահայտելու պատմության հեգնանքը Ադրբեջան կոչված պետության իրավական կազմույթի վերաբերյալ լենինստալինյան թուրքամետ ազգային քաղաքականության խարդավանքներում: Եվ խաշնարած մի ցեղ, որ ընդամենը երեկ էր հայտնվել քաղաքական քարտեզի վրա, փորձում է բռնությամբ պատմություն ստեղծել իր համար, գողանալով բնիկ ժողովուրդների տարածքներն ու պատմությունը, նաև բարբարոսաբար ոչնչացնելով հայականություն հիշեցնող արվեստի հուշարձաններն ու տաճարները: Կարելի է միայն երևակայել, նկատում է Բալայանը, թե նրանք «ինչպիսի անթաքույց լկտիությամբ, չվախենալով պատժվելուց, ջարդում էին, ավերում, նույնիսկ պայթեցնում ամեն հայկականը»:
Այսպես, Նախիջևանը զոհաբերվեց ցեղասպանությանը, պատմական հայրենիքից օտարվեց հայկական մի ստվար համայնք: Կատարվեց ոճիրը անտարբեր աշխարհի հայացքի ներքո, ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի անարձագանք լռության պայմաններում: Ահա թե ինչու անարգել լկտիությամբ է հնչում Հեյդար Ալիևի զառանցանքը Նախիջևանի և շրջակա հողերի ադրբեջանական տարածքների մասին, նույնիսկ չհապաղելով բարբառելու այնպիսի «կորուստների» մասին, ինչպիսին են Կապանը, Մեղրին, Զանգեզուրը, անգամ Երևանը:
Կշտամբանքի ու սթափության շեշտ կա Զորի Բալայանի խոսքում. «Իսկ մենք,- գրում է նա,- այսօր Նախիջևանի հայ ժողովրդի ցեղասպանության հարցով համամոլորակային մակարդակով զբաղվելու փոխարեն, թույլ ենք տալիս պատմական Հայաստանի մաս կազմող Ղարաբաղի ազատագրված հատվածները համարել «վիճելի», այսպիսով դրանք վերածելով սակարկման առարկայի»: Ալիևի այս զառանցամիտ հավակնությունների շարունակությամբ է Իլհամ Ալիևի հոխորտանքը՝ «տերիտորիալ ամբողջականության» մեռյալ ստատուսի վկայությամբ վերազավթելու ազատագրված Արցախը:
Ոչինչ չի վրիպում պատմության հիշողությունից: Մեզ վիճակված է մաքառումների համառ փորձություն՝ նվաճելու ազգային արժանապատվության և ազատ հայրենիքի մեր իրավունքը, քանզի անբեկանելի է մեր արիական ոգին և տիեզերական արարչությամբ սահմանված մեր ստեղծագործ հանճարը: Վերին բանականությամբ գիտակցված իրավական դրույթը, թե մարդկության դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ոչ մի ժամկետ չի կիրառվում, բացառում է ուշացումի հոգեբանությունը, ուստի կենսական անհրաժեշտության հնչեղություն ունի Զորի Բալայանի պատգամը. «Մնում է չլռել: Ձա՛յն բարձրացնել: Գործե՛լ»: Մեր ազգային գործունեության օրակարգում մշտապես պահելով պատմական Հայաստանի, Հայ Դատի և Ցեղասպանության հուշը:
Աղբյուր՝ Grakantert.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում