Ռաֆայել Նահապետյան. Փախուստ

Ռաֆայել Նահապետյան. Փախուստ

Պատկերասրահում մի բան էր կատարվում, ինչ-որ բան էր նախապատրաստվում, ու բոլորն այդ զգում էին:

Լարվածությունը գնալով աճում էր, աճում, մթնոլորտը շիկացել էր, շշուկները, մի տեսակ, ֆշշացող սրություն էին ձեռք բերել, ու սուր դիմագծերով, ջղային մի կոմսուհի, երբ արդեն պատկերասրահը փակել էին, ճչաց.

– Դե վերջ տվեք փսփսալուն, ասացեք հասկանանք, ի՞նչ է պատահել, հիմա ի՞նչ եք ուզում:

– Նրան լավ չեն դաստիարակել,- փսփսացին պալատական կանայք,- հասարակության մեջ իրեն պահել չգիտե:

– Մեծամեծներն էլի իրար խառնվեցին,- ծիծաղեց ծեր մի հովիվ ու թոռանն աչքով արեց,- այ կտեսնես, սրանք էլի մի բան անելու են, սրանք հանգիստ նստողներից չեն:

Թոռը չպատասխանեց: Նրա բերանում սրինգ կար (այդպես էին նկարել) ու նա նկարելու օրից չէր խոսել` սրինգ էր փչել (նա շատ էր հարգում նկարիչներին ու մտածում էր` եթե ինձ ստեղծողը որոշել է, որ ես պետք է սրինգ նվազեմ` ուրեմն վերջ):

– Ժողովուրդը հուզվում է, արքա,- ասաց պալատականներից մեկը,- ժողովուրդը անորոշության մեջ է:

– Վաղը մեր սրահի բոլոր շրջանակներին հայտարարեք,- ասաց արքան,- որ երրորդ սրահը` մերը, պատերազմ է հայտարարում չորրորդին:

– Լսում եմ, արքա,- ասաց պալատականը,- իսկ պատճա՞ռը: Ինչպե՞ս բացատրել սրահին այդքան կարևոր քայլը:

Արքան մտմտաց: Իրական պատճառն այն էր, որ արքայի ձեռքերը քոր էին գալիս, ու նա ամեն ինչ իրար խառնել էր ուզում: Բայց ժողովրդին այդպես չէր կարելի ասել:

– Ասացեք,- ծոր տվեց արքան,- որ չորրորդ սրահը ինչ-ինչ դավաճանական միջոցներով հասել է այն բանին,- այստեղ արքան նորից մտմտաց ու գյուտ արեց,- որ այցելուների մեծ մասը այնտեղ է գնում, մինչդեռ մեր սրահը հաճախողների թիվը օր-օրի նվազում է: Դա խայտառակություն է, դա դավաճանություն է Մեծ Արվեստի նկատմամբ, որին մենք ծառայում ենք, դա հայհոյանք է մեզ ստեղծող մեծագույն նկարիչների հասցեին:

– Որ ասում էի,- ծիծաղելով ձեռքերն իրար քսեց ծեր հովիվն ու նորից թոռանը աչքով արեց,- որ ասում էի սրանք հանգիստ նստողներից չեն: Տեսա՞ր: Դե հիմա գնա: Մեկ էլ չասես, թե սուտասան եմ` դե կեր:

Թոռը չէր ասել, թե պապը ստախոս է (նա երբեք չէր խոսել) դա պապն էր հնարել` խաբելու համար իրեն, իբր իր հետ էլ զրուցող, իրեն էլ հաշվի առնող կա:

– Օ՜հ, այս տղամարդիկ,- հառաչեց գեղեցիկ աչքերով մի կին,- օ՜հ, այս տղամարդիկ, որոնց համար մեր սրտերը նվաճելը քիչ է՝ այժմ էլ սրահներ են ուզում նվաճել:

– Տիրուհիս,- ասաց բարակ, երկար բեղերով, սուր, եռանկյունի մորուքով մի տղամարդ,- ձեր սիրտը նվաճելու համար ես պատրաստ եմ նախ ողջ աշխարհը նվաճել:

– Օ՜հ, այս տղամարդիկ,- հառաչեց գեղեցիկ աչքերով կինը, բայց այդ տղամարդուն չնայեց, այլ մյուսին, որ մի խմբի կենտրոնում լուրջ-լուրջ բաներ էր ասում,- Օ՜հ, այս տղամարդիկ, որ նվաճում են մեր սրտերն ու այսքան դաժան են:

– Տիրուհիս,- նորից սկսեց թեթևսոլիկը, բայց կինը հեռացավ:

Հարևան, չորրորդ սրահում նույնպես իրար էին անցել:

– Ինչպե՞ս,- բացականչեց պատկերասրահի ամենաարժեքավոր կտավի գլխավոր դետալը,- ինձ պատերազմ հայտարարե՞լ,- նա ստիպում էր, որ բոլորն իրեն կայսր կոչեն,- դրանք խելագարվե՞լ են, ինչ է:

– Իմ կայսր,- բղավեց հարևան կտավից հոյատես մի սպա,- առաջնորդիդ մեզ:

– Մեր որսը սրանք հարամ արին,- փսփսացին հարևան շրջանակից, այնտեղ երկու հոգի լուսնյակ գիշերով պատրաստվում էին նավակը ծովը հրել,- հիմա ի՞նչ անենք:

Իսկ կողքի կտավում գիշերային սրճարանի տերը շփոթված կանգնել էր աղոտ լուսավորված բիլիարդի առաջ ու մտածում. «Առանց այդ էլ հաճախորդներ չունեի, հիմա բոլորովին չեմ ունենա»: Ու նա շփոթված նայեց կողքի սեղանին կիսաքնած երկուսին:

– Հենց այսօր զորահավաք կազմակերպել,- որոտաց կայսրը,- վաղը պատկերասրահը փակվելուց հետո` ռազմի դաշտ:

– Տեր,- ասաց հավաքված սպաներից մեկը,- ավելի հարմար է ժամը 22-ից հետո, մինչև 22-ը պահակը շրջում է սրահներում:

– Լավ,- որոտաց կայսրը,— ուղիղ ժամը քսաներեքն անց երեսուն րոպեին ես կսկսեմ կռիվը և մեզ ստեղծող Մեծ Վարպետների օրհնությամբ մեկ ժամվա մեջ կջարդեմ նրանց:
Եվ որովհետև ամենքն իրար էին խառնվել, ոչ ոք չնկատեց, թե ինչպես պատկերասրահի ամենաարժեքավոր կտավի շրջանակի արանքից դուրս սողաց Հիասքանչ Օրիորդը ու մտավ կողքի կտավը,- այնտեղ Սիրահարված Պատանին գիրք էր կարդում:

– Ես այդպես էլ գիտեի,- մրմնջաց աղջիկը:

Հետո Սիրահարված Պատանին գրքից կտրեց աչքերն ու տեսավ Հիասքանչ Օրիորդին: Նրանք երկուսով անթարթ իրար էին նայում, ու այնքան գեղեցիկ էր Պահը, որ այն ապրելու համար արժեր նկարված պատկեր լինել:

– Սիրելիս,- մրմնջաց Հիասքանչ Օրիորդը,- ես այդպես էլ գիտեի:- Սիրահարված Պատանին ժպտաց, զգույշ համբուրեց աղջկա ձեռքերը, հետո աչքերը, հետո շուրթերը ու ասաց.

– Ի՞նչ է պատահել, դու ասացիր, որ այսօր չես կարող գալ:

– Պատերազմ է հայտարարվել,- ասաց Հիասքանչ Օրիորդը,- վաղը մեծ կռիվ է լինելու:

– Ո՞ւմ հետ, ինչո՞ւ,- զարմացավ Սիրահարված Պատանին:

– Երրորդ սրահի: Այցելուների հետ կապված ինչ-որ պատմության պատճառով:

– Գրողը տանի,- զայրացավ Սիրահարվածը,- ինչո՞ւ են հիմարություններ անում, ինչո՞ւ չեն թողնում ապրենք, ինչո՞ւ են ամեն տեղ քթները խոթում, գրողը տանի, այս ի՞նչ է կատարվում:

– Մի հայհոյիր,- կարմրեց Հիասքանչը,- ավելի լավ է եկ փախչենք:

– Բայց ո՞ւր,- հարցերը Սիրահարվածը:- Ախար ո՞ւր փախչենք:

– Մի որևէ սրահ,- ասաց Հիասքանչ Օրիորդը:

– Ի՞նչ տարբերություն,- դառը քմծիծաղեց Սիրահարվածը,- այնտեղ էլ նույն բանը կպատահի:

– Դե ոչ,- ծիծաղեց Հիասքանչը,- ես լսել եմ, որ այստեղ սրահներ կան, ուր միայն բնանկարներ են, գնանք այնտեղ, կխցկվենք որևէ բնանկարի շրջանակից ներս ու մեզ համար կապրենք:

– Հիանալի է,- ապշեց Սիրահարված Պատանին,- և ինչպես մտքովս չէր անցել,- ու նա արագ վերցրեց իր գիրքը, փետրազարդ գլխարկը:

– Ոչ,- ասաց Հիասքանչ Օրիորդը,- այստեղից ոչինչ մի վերցրու, հարկավոր չէ:

– Հիասքանչ Օրիորդ,- ծոր տվեց Սիրահարված Պատանին,- օրհնվեն այն մատները, որ քեզ ստեղծել են:

Ու նրանք արագ հեռացան այդ սրահից: Նրանց փախուստը ոչ ոք չնկատեց, որովհետև բոլորն էլ զբաղված էին շատ ավելի կարևոր մի գործով:

Իսկ մյուս օրը պատկերասրահի այցելուները շշմել մնացել էին,- կատարվել էր աննախադեպ մի բան:

Ամենարժեքավոր կտավի վրայից անհետացել էր գեղեցիկ աղջկա մի ֆիգուր, իսկ հարևան կտավներից մեկի վրայից չքացել էր գիրք կարդացող պատանին: Եվ, որ ամենազարմանալին էր` տեղում էին մնացել և՛ գիրքը, և՛ փետրազարդ գլխարկը: Իսկ պատանին չկար:

Պատկերասրահն արագ փակեցին և ամենաարժեքավոր կտավն ու պատանու շրջանակը տարան արհեստանոց: Հասկանալի է, որ գիշերը ոչ մի պատերազմ էլ չեղավ` կայսրին տարել էին և հետո երկու սրահներում էլ պատկերների տրամադրությունը շատ վատ էր:

Միայն երրորդ սրահի արքայի ձեռքերն էին քոր գալիս, ու նա մտածում էր, որ իրենից փայլուն մի հաղթանակ գողացան, բայց վախենում էր ձայն հանել, հասկանալով, որ վերջնականապես կզրկվի հեղինակությունից: Առանց այդ էլ նրան արդեն խեթ-խեթ էին նայում:

Բայց մի բան, որ ոչ ոք չնկատեց, բացի գիշերային պահակից, դա հեռավոր սրահներից մեկում անհայտ մի հեղինակի բնանկարի մեջ հայտնված երկու փոքրիկ ֆիգուրներն էին:

Եվ հիմա, գիշերները, շրջելով սրահներում, գիշերային պահակը ամենավերջում մտնում էր այդ հեռավոր սենյակը ու երկար-երկար նայում անհայտ հեղինակի բնանկարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում